Այսօր՝ փետրվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 3-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն թաղամասի բնակիչ՝ 57-ամյա Ա. Հ-ն էր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները Ա. Հ-ի բնակարանում՝ հյուրասենյակի սեղանի վրա, հայտնաբերել են մի քանի էջից գրված գրություն։ Այնտեղ, մասնավորապես, գրված է.

«Զգում եմ, որ իմ մահը մոտ է, հարազատներիս խնդրում եմ՝ թեթև տանել այն»։ Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։