Այսօր՝ փետրվարի 9-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում:

Ժամը 18:30-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը ճանապարհին գիտակցության չգալով մահացել են:

Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բազում թաղամասից, որտեղ հայտնաբերվել է նաև ՎԱԶ-2121 մակնիշի 33 TO 356 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին հրկիզված:

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ավտոմատ:

Ավտոմեքենայում առաջացած կրակը մարելու համար ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է, հրկիզված «Նիվան» կապ ունի կատարված դեպքի հետ:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի, 104 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ այս կրակոցներն ու սպանությունները վենդետա են, և կապ ունեն տարիներ առաջ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ: Այդ վարկածը նույնպես ոստիկաններն ու քննիչները պարզում են:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: