1in.am — ը գրում է

Վերաքննիչ քրեական դատարանում Ա. Դանիելյան, Մ. Հարությունյան, Լ. Աբգարյան կազմով ավարտվեց Գևորգ Պ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գնել Գասպարյանի նախագահությամբ:

Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալի աթոռին բացի Գևորգ Պ.-ից ևս երեք երիտասարդ կար՝ նրա ծառայակիցները, որոնց մասով վերաքննիչ բողոքներ չէին բերվել, վերաքննիչ դատարանը գործը քննեց միայն Գևորգ Պ.-ի մասով:

Հանցավոր արարքների կատարման պահին Գևորգ Պ.-ն 18 տարեկան ժամկետային զինծառայող էր:

Նրան մեղադրանք է առաջադրվել մի ամբողջ փունջ հոդվածներով:

Ըստ մեղադրանքի՝ ծնունդով մարտակերտցի Գևորգ Պ.-ն հանդիսանալով ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, 2017 թվականի հոկտեմբեր ամսին՝ մինչև հոկտեմբերի 20-ը, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է զինծառայողների  փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, «իր ենթադրյալ առավելությունների ու հեղինակության մասին թյուր կարծիք ձևավորելու շարժառիթով» պարբերաբար ծաղրուծանակի է ենթարկել ու ծեծել իր ծառայակից, կոչումով շարքային Հրաչ Ա.-ին: Մասնավորապես՝ իբր կատակով, բայց Հրաչ Ա.-ի կողմից նման կատակներ չընդունելու պայմաններում համածառայողների ներկայությամբ հարվածել է նրան, կտտացրել է ականջին, կսմթել է, ծաղրել է գիրությունն ու ձևական դիմել է փոխուստի…

Բացի այդ, նույն հոկտեմբեր ամսին զորամասի իրային պահեստի մոտ Հրաչ Ա.-ի կողմից նռնակներն ուսից համարյա գցելու պատճառով Գևորգ Պ.-ն ծեծի է ենթարկել նրան՝ բռունցքով հարվածել է կրծքավանդակին, հետո ծնկով՝ որովայնին:

Բացի դրանից՝ մեկ այլ անգամ Հրաչ Ա.-ի կողմից գույք տեղափոխելիս շինության պատը վնասելու պատճառով Գևորգ Պ.-ն հայհոյել է նրան, ձեռքերով հարվածել նրա կողերին, փախուստի դիմել, հետո նորից մոտեցել, ձեռքով հարվածել է նրա ծոծրակին ու դարձյալ փախուստի է դիմել, ապա նորից ծածուկ մոտենալով՝ ոտքով հարվածել է նրա ոտքին:

Բացի դրանից, ըստ մեղադրանքի՝ զորամասի զինանոցում Գևորգ Պ.-ն ծաղրուծանակի ենթարկելու շարժառիթով երկու անգամ հարվածել է Հրաչ Ա.-ի պարանոցին, ձևական դիմել է փախուստի, ապա ձեռքերով հենվել է երկհարկանի մահճակալներին ու ոտքերով հարվածել է Հրաչ Ա.-ի կրծքավանդակին, ինչի արդյունքում Հրաչ Ա.-ն հետ-հետ է գնացել ու ընկել կողապահարանի վրա, ստացել է թեթև վնասվածքի հատկանիշներ չպարունակող քերծվածքներ ու արյունազեղումներ:

Բացի դրանից՝ 2017 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 17-ի սահմաններում զորամասի հրաձգարանի տարածքում խմբով զենքի մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ Գևորգ Պ.-ն Հրաչ Ա.-ին ցուցադրաբար նվաստացնելու նպատակով ծառայակիցների ներկայությամբ հայհոյել է նրան: Զայրացած Հրաչը Գևորգի վրա է պահել ինքնաձիգը, ասել է՝ կկրակի, բայց չի կրակել, իսկ Գևորգ Պ.-ն նման արարք կատարողի հասցեին ծանր հայհոյանք է հնչեցրել:

Արդյունքում, պարբերաբար Գևորգ Պ.-ի կողմից գործադրված ծաղրուծանակի, բռնությունների պատճառով Հրաչ Ա.-ն, ըստ մեղադրանքի, հայտնվել է հոգեբանական ճգնաժամի, ֆրուստրացիայի վիճակում: Րոպեներ անց՝ ժամը 17-ն անց 20-ի սահմաններում նույն տեղանքում Հրաչ Ա.-ն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակել իր ճակատին ու զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Մեկ այլ դրվագով Գևորգ Պ.-ն վաշտի ննջարանից դուրս գալիս առանց պատճառի հայհոյել է իր նկատմամբ պետ հանդիսացող, նույն վաշտի ջոկի հրամանատար, սերժանտ Արմեն Գ.-ին, այնուհետև ծառայակիցներ Արծրունի ու Հայկի հետ ծեծի է ենթարկել սերժանտին:

Եվս մի քանի դրվագներով Գևորգ Պ.-ն իր համախոհ երկու-երեք զինծառայողների հետ հայհոյանքներ է տվել, բռնություն է գործադրել այլ ծառայակիցների նկատմամբ:

Գևորգ Պ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով, 358 հոդվածի 3-րդ մասի 1-ին,  359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով, 360 հոդվածի 1-ին և 359 հոդվածի 1-ին մասերով:

Ընդհանուր իրավասության դատարանում Գևորգ Պ.-ն ու մյուս երեք ամբաստանյալները իրենց լիովին մեղավոր են ճանաչել, միջնորդել են գործը քննել արագացված ընթացակարգով:

Դատարանը բավարարել է միջնորդությունը:

Միևնույն ժամանակ դատարանը հանգել է եզրակացության, որ Գևորգ Պ.-ի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով սխալ է որակված, այն պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով, որը պատասխանատվություն է սահմանում սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար:

Այսինքն՝ դատարանը եկել է եզրահանգման, որ առաջադրված մեղադրանքի ձևակերպումով չի հաստատվել, թե Գևորգ Պ.-ն տուժողին ինքնասպանության է հասցրել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների պարբերաբար խախտումների արդյունքում, դատարանը եզրակացրել է, որ Գևորգ Պ.-ն ոչ թե զինծառայողների, այլ միջանձնային հարաբերությունների ընթացքում տուժողի նկատմամբ բռնություն ու նվաստացումներ կիրառելով՝ նրան հասցրել է ինքնասպանության:

Դատարանը Գևորգ Պ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով, 358 հոդվածի 3-րդ մասի 1-ին,   359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով, 360 հոդվածի 1-ին, 359 հոդվածի 1-ին մասերով ու պատիժները մասնակի գումարելու եղանակով  նրան վերջին հաշվով դատապարտել է 6 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է Գևորգ Պ.-ի՝ նախնական կալանքի տակ գտնվելու 1 տարին, վերջնական պատիժ է սահմանվել  5 տարի ազատազրկումը:

Գևորգ Պ.-ն կալանքի տակ է առնվել դատարանի դահլիճում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրանքի կողմը:

Վերաքննիչ քրեական դատարանի նիստին չէր ցանկացել ներկայանալ կալանքի տակ գտնվող ամբաստանյալը: Նա դիմումով խնդրել էր գործը քննել իր բացակայությամբ:

Դատական նիստում մեղադրող դատախազ Կ. Հարությունյանը հիմնավորեց բերված բողոքն ու նշեց, որ առաջին ատյանի դատարանը սխալ կերպով է կատարել արարքի վերաորակում, սխալ կերպով է Գևորգ Պ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով՝ փոխանակ մեղավոր ճանաչելու ՀՀ քրեական օրենսգրքի  359 հոդվածի 3-րդ մասով:

Մեղադրողն ընդգծեց, որ Գևորգ Պ.-ի բռնի գործողությունները տուժողի նկատմամբ նախ ուղղված են եղել զինվորական ծառայության կարգի դեմ, ապա նոր՝ կոնկրետ անձի կյանքի և առողջության դեմ:

Ըստ դատախազի՝ Գևորգ Պ.-ն մի քանի դրվագներով բռնություն գործադրելով տոժողի նկատմամբ, ունեցել է մեկ միասնական դիտավորություն, նրա գործողությունները նույն օբյեկտի՝ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ են ուղղված եղել:

Վերջին դրվագով՝ հրաձգարանում, երբ Գևորգ Պ.-ն հայհոյանք է հնչեցրել Հրաչ Ա.-ի նկատմամբ, վերջինս իր ինքնաձիգը պահել է Գևորգի ուղղությամբ ու ասել է. «Քեզ խելոք պահի, թե չէ կկրակեմ քեզ էլ, ինձ էլ, երկուսս էլ կգնանք»: Ինչից հետո Գևորգ Պ.-ն ծառայակիցների ներկայությամբ ծանր հայհոյանք է հնչեցրել այն մարդու հասցեին, ով նման արարք կկատարի: Հրաչ Ա.-ն իրեն նվաստացնող ծառայակցի կյանքի նկատմամբ չի ոտնձգել, բայց վերջինիս գործադրած բռնությունների ու ծաղրուծանակի արդյունքում ընկել է հոգեկան ճգնաժամի մեջ ու կրակոց է արձակել իր ճակատին:

Մեղադրողը նշեց, որ Գևորգ Պ.-ն բռնություններ է գործադրել նաև այլ զինծառայողների նկատամամբ, այդ թվում նաև՝ ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, բոլոր այդ դրվագները որակված են որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված արարքներ, միայն ծանր հետևանք՝ ծառայակցին ինքնասպանության հասցնելու դրվագն է, որ դատարանը վերաորակել է զուտ որպես միջանձնային հարաբերություններում դրսևորված բռնությունների արդյունքում վրա հասած ծանր հետևանք, ինչը, ըստ մեղադրողի, դատարանին հանգեցրել է դատական սխալի: Գևորգ Պ.-ն ծառայակցին նվաստացրել է, ծաղրել ծառայակիցների ներկայությամբ՝ ցանկանալով ցուցադրել իր առավելությունները, կարծեցյալ հեղինակությունը:

շարունակությունը այստեղ