galatv.am-ը գրում է.

2011 թվականի հոկտեմբերի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում, անդրադառնալով 1996թ. սեպտեմբերի 26-ի իրադարձություններին ու դրանց նմանությանը 2008թ. մարտի 1-ի հետ, ասել է.

«96-ի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանն այստեղ հանրահավաք է կազմակերպել, հետո տեղափոխել ԱԺ դիմաց, հայտարարել, որ մտնում է ԱԺ` բանակցելու ԿԸՀ նախագահի հետ, եթե 20 րոպե հետո չգամ՝ բոլորդ եկե՛ք իմ հետևից: 20 րոպեից ժողովուրդը սկսեց բարձրանալ ճաղերի վրա, և այդ օրվա անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրված էր Սերժիկ Սարգսյանի վրա՝ որպես ԱԱԾ նախագահ, ո՛չ Վանո Սիրադեղյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանն այս հարցում որևէ լիազորություն չունեին և ենթարկվում էին նրան:

Երբ ներխուժեցին ԱԺ, Սերժիկը մոտեցավ ինձ, ասաց՝ շե՛ֆ, պետք է կրակել, ասացի՝ ոչ մի դեպքում, սպասե՛ք, բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողներն առևանգել և Լինչի դատաստանին են ենթարկել ԱԺ նախագահին և փոխնախագահին, Սերժիկը կրկին առաջարկեց կրակել: Ես մտածեցի ու ասացի՝ միայն օդ, և մի քանի րոպե օդ կրակելուց հետո ժողովուրդը ցրվեց: Այդ օրը որևէ մարդ վնասվածք չի ստացել, չկա այդպիսի փաստ: Իսկ մարտի 1-ին կան 10 սպանված, 100-ավոր վիրավորներ»: