«ԶՈՒՐ ԵՍ ԳԱԼԻՍ, ԱՅ ԳԱՐՈՒՆ»

Մեր ազգի պատմության էջերում այս արտահայտությունը ասվում էր, երբ գարնանը ելուզակ հրոսակախմբեր էին խուժում Հայաստան աշխարհ:

Նրանցից ինչո՞վ տարբերվեց կեղծված տեղեկանքով, կեղծված ընտրություններով նախագահ կարգված մեկ ուրիշ ելուզակ՝ ռոբիկ քոչարյան, որ 2008-ին արյունոտ գարուն բերեց Հայաստան աշխարհին:

Այնքան ժամանակ գարնան գալուստն ինձ հրճվանք չի բերելու, մինչև արյունոտ գարնան մեղավորները չպատժվեն:

Մինչև մարտիմեկյան սպանդի արդյունքում հարազատներ կորցրած մայրերը, քույրերն ու կանայք, իրենց սգի մեջ, իրենց վշտի հետ, Աստծուն ուղղված իրենց աղերսներում մխիթարություն չգտնեն, որ ոճրագործների արդար հատուցումն եկել է:

Հարազատի կորուստը անդառնալի է, անշուշտ, բայց այդ կսկիծը շարունակ խորն է մնալու, քանի դեռ մարդասպանները չեն պատժվել:

Ատում եմ նրանց, որ 2008-ի գարունը Հայաստան աշխարհում արյունով հեղեցին: Հիմա առավել ատում եմ նրանց, որոնք մարդասպանին հերոսի պատմուճան են ուզում հագցնել՝ իրենց վաստակած գրոշների խաթեր:

Դրանք հա՞յ են, քրիստոնյա՞ են: Կասկածում եմ: Բռնես մեղադրանք պարունակող էն 80 հատորը գլխներին տաս, որ հասկանան, թե ինչ է նշանակում պաշտպանել հանցագործին: Ատում եմ դրանց: Ատում եմ նրան, որ արյան ճանապարհով տիրացավ նախագահի աթոռին, որ իրենը չպիտի լիներ:

Ատում եմ սահմանադրական դատարանի այն սրբապիղծ անդամներին, որոնք իրավունք չունեին արտակարգ դրության պայմաններում նիստեր անելու, ընտրությունները վիճարկող քննությունը շարունակելու և իրենց «դաբրոն» դնելու մի որոշման տակ, որը շինծու էր և որով ճանապարհ հարթեցին չընտրված թեկնածուին՝ սեռժիկ սարգսյանին:

Ամայացած քաղաք, մարդկանց ամայացած տրամադրություն, վախի մթնոլորտ…, և այդ իրավիճակում իր նախագահության վերջին 40 օրերին սպանդի ու արյունահեղության հեղինակ

«նախագահ» կոչված ինչ-որ ռոբի գոհունակ ժպիտ, որ ապահովել էր իր հավատարիմի մուտքը նախագահական նստավայր, որ անարգել շարունակի վայելել իր թալանածը:

Սա՛ էր 2008-ի արյունոտ գարունը:

Ես այսօր հետևում էի 10 զոհերի նկարներով պատվանդանին ծաղիկներ խոնարհող զտարյուն հայերի պահվածքին:

Հետևում էի ու մտովի պատկերացնում նախորդ օրը մարդասպանին մեծարող, այսպես ասած, կոնֆերանսի հավաքվածներին, որոնք իրենց նետած դոլարների շուքի տակ հայ լինողի, քաղաքում 2008-ի մարտի մեկ տեսնողի իրենց դեմքը փոխել էին:

Ողբամ ձեզ: Երես ունեի՞ք, գնայիք սգավոր հարազատների երեսին նայեիք… Վախենու՞մ էիք երեսներիդ թքեին:

…Մյասնիկյանի արձանի մոտ շարունակ ու շարունակ եկողները, որ հարգանքի տուրք էին մատուցում մարտիմեկյան անմեղ զոհերին, համախմբելու, միակամ լինելու խորհուրդ ունեին իրենց պահվածքի մեջ:

Այդ միակամությունը տարածո՜ւն, տարածուն է լինելու այս ամբողջ ամսվա մեջ, երբ գալու է «ԱՅՈ» ասելու երանելի պահը, որ ինձ համար նշանակում է հեղափոխության շարունակություն, նշանակելու է վերջին մնացուկներին դուրս շպրտելու բարերար պահ, նշանակելու է կոռումպացված դատական համակարգը վերջնականապես մաքրելու գործընթաց:

Ա՛յս գարունը հենց ա՛յս միակամությամբ նշանավորելու պատմական ԳԱՐՈՒՆ է լինելու հայ ժողովրդի համար:

Ես հենց ա՛յս գարունն եմ ողջունում: Գարուն, որ հանցագործներին պատժելու ավետումը պիտի լինի:

Ես հավատում եմ այս միասնությանը, հավատում եմ, որ «ԱՅՈ»-ն նույնքան հախուռն ու հուժկու պիտի լինի, ինչպես 2018-ի ապրիլին էր:

Ա՛յդ հավատով՝

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ