Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը ժամը 2-3-ի սահմաններում, ըստ Արամ Վարդանյանի (հայտնի է «Վստրեչի Ապեր» անունով) փաստաբանների՝ հարյուրավոր ոստիկաններ, մի մասը՝ դիմակավորված, ներխուժել են Արամ Վարդանյանի առանձնատուն, բերման ենթարկել տանը գտնվող անձանց, երկուսը ձերբակալված են: Արամ Վարդանյանը տանը չի գտնվել: Ավելի ուշ, Արամ Վարդանյանը Hraparak.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ոստիկանության գործողություններին՝ ասելով, որ տարիներ առաջ ինքն օգնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Իմ քայլ» խբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանին: Հոդվածում Արամ Վարնդյանը խոսել էր նաև լրագրող Գոհար Վեզիրյանի մասին:

Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր Արամ Վարդանյանի ասածներին և գրել.«Այո, շուրջ մեկ տասնամյակ առաջ, երբ Հայաստանը դեռեւս Սերժի տիրապետության տակ էր, Հայաստանում կային քաղբանտարկյալներ: Նիկոլ Փաշինյանը նրանցից մեկն էր: Փաշինյանի բանտարկության սկզբնական շրջանում քրեակատարողական հիմնարկի ներսում անընդհատ խնդիրներ էին առաջանում, որոնք անհանգստացնում էին նրա գաղափարակից ընկերներին ու ՀԱԿ վերնախավին: ՀԱԿ-ը նախանձելի պատվախնդրությամբ ու պատասխանատվությամբ էր ահազանգում իրավիճակին ու դրսից քայլեր ձեռնարկում իր տղերքի, պայքարի տղերքի անվտանգության համար:

Օրեր շարունակ լրագրողներով հերթապահում էինք, որպեսզի հերթական ահազանգի հետքերով շտապենք քրեսկատարողական հիմնարկներ՝ բացառապես կեսգիշերին: Բայց այլ երկիր էր, խաղի այլ կանոններով:

Նիկոլ Փաշինյանն առանձնակի դաժանությամբ էր թիրախավորված: Հենց այդ օրերին է Ապերը մեզ պետք եկել: Էդ հիմա է քրեական ենթամշակույթ կրող դարձել որոշների համար, իսկ էն ժամանակ նրա ծառայություններից օգտվել են: Լավ են արել: Լավ ենք արել ու ինքն էլ՝ ճիշտ է արել: Ի դեպ՝ Ապերն էն ժամանակ ուրիշ «պազիվնո» ուներ. ասում էին՝ մի հատ զանգի «մեր ընկերոջը»: Ասում էի՝ ժամին նայե՞լ եք: Թե բա պետք է, ամեն վայրկյանը կարևոր ա:

2. Կարևոր պահերին «պադվադիտ» չարած «մեր ընկերոջ» օգնությանն ենք դիմել, երբ Հայկ Գևորգյանին կալանավորել էին ու նրանից որևեւէ մեկը ոչ մի լուր չուներ: Ուղիղ կապն ապահովվեց; Հեռախոսակամուրջին մասնակցեցին բոլորը եւ ուրախացան «լավ ընկերոջ» օպերատիվ գոյությամբ:

3. Բայց էս հեչ կարևոր չի: Ապերին էլ շատ լավ իմանալով՝ գիտեմ, որ ինքն ակնարկել ա էս մասին ուղղակի փոքրիկի հետ տեղի ունեցածով պայմանավորված՝ առանց որևէ ակնկալիքի կամ սպասման հեռահար նպատակի: Էս տաս տարվա մեջ շատ ծանր իրավիճակներ են եղել, բայց էդ մասին ոչ դրել ու ոչ էլ վերցրել ենք: Ես ինքս վերջերս մեկ անգամ ու շատ կարևոր տեղ ասել եմ այս մասին, որովհետեւ ավազակապետությունից հոգնած հիմա էլ «մուտիտապետություն » խաղացնելու հավես չունենք:

Հ.Գ. Եվ այնուամենայնիվ, հավատացած եմ, որ ոստիկանության ապօրինի գործողությունների հետ Փաշինյան վարչապետը որեւէ առնչություն չունի»:

Tert.am-ի հետ զրույցում Հայկ Գևորգայնն անդրադարձել էր Արամ Վարդանյանի ասածներին և հայտնել, որ ինքը երբևէ որևէ մեկի օգնությանը չի դիմել.«Իմ անազատության մեջ գտնվելու ժամկետը եղել է ընդամենը 72 ժամ, այդ ժամանակ իմ ընտանիքը որևէ աջակցության կարիք չի ունեցել: Ես ոչ մեկից երբեք օգնություն չեմ խնդրել, աջակցություն չեմ խնդրել, ինձ աջակցել են իմ պաշտպանները: Բացարձակապես այլ օգնություն չեմ փորձել ստանալ, օգնության կարիք պիտի ունենային նրանք, ովքեր էդ գործը սարքել էին, անհաջող փնթի ձևով գործ էր սարքվել, որ իբր թե ես վրաերթ էի արել»:

Հայկ Գևորգյանի ասածներին ի պատասխան Գոհար Վեզիրյանը հերթական գրառում ն է արել՝ նշելով.«Գրառմանս արձագանքել է ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանը, նախկին կոլեգաս: Հայկն ասում է՝ չգիտեմ ինձ հետ կապված ինչ կոնստրուկցիաներ են մտածել: Հիմա ասեմ սթրեսային իրավիճակում մարդու հիշողությունը, հնարավոր է, չֆիքսի ինչ-որ բաներ: 72 ժամվա մեջ Հայկը լավ կերակրվել (ինքն է ասում) ու դրսի հետ հեռախոսակապ է հաստատել իր մոտ տարված հեռախոսով: Իրեն հեռախոս են փոխանցել՝ քարտով, և համարը տրվել է ինձ ու մենք կապ ենք հաստատել նրա հետ այդ հեռախոսով: Շողերենց տանն ենք եղել՝ Շողեր, Լեւոն Զուրաբյան, Ավետիս Ավագյան ու էլի ուրիշ ՀԱԿ վարչության անդամներ: Հիշեցնեմ, որ Հայկին ոչ «պերեդաչի» կարող էինք տանել, ոչ էլ հնարավորություն էին տալիս ինֆորմացիա ստանալ գործի մասին: Էնպես որ սխալ մարդուց է Հայկը շնորհակալ եղել: Գասպարյան Վովան չի եղել երեկոյի հովանավորը»: