Երեւանում, մարտի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 20:55-ի սահմաններում, ԱԻՆ Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախի 11 եւ 1-ին փողոցների խաչմերուկում փլուզում է տեղի ունեցել եւ հողային աշխատանքներ կատարելիս 2 քաղաքացի մնացել են հողի շերտի տակ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 3 մարտական հաշվարկով, փրկարար-հոգեբաններ, Երեւանի 1-03 շտապօգնության մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաեւ հատուկ փրկարարական աշխատանքեր իրականացնող խումբը:

Փրկարարները մոտ 2 ժամ աշխատել են, որպեսզի հողաշերտի տակից դուրս բերեն հողի տակ մնացածների մարմինները եւ բժիշկները արձանագրել են նրանց մահերը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածները Ներքին Չարբախի բնակիչներ, 38-ամյա Գագիկ Ղ.-ն էր եւ 52-ամյա Գարիկ Մ.-ն:

Օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկները տեղում մի քանի քաղաքացիների առաջին բուժօգնություն են ցուցաբերել, քանի որ վերջիններիս ինքնազգացողությունը վատացել էր: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: