Ինչպես արդեն հայտնել ենք,  երեկ՝ մարտի 9-ին ողբերգական ու հանելուկային դեպք է  տեղի ունեցել Արագածոտնի մարզի Մելիք գյուղում։ Նույն օրը՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում, ծնողներն օրորոցի մեջ  հայտնաբերել են 7 ամսական երեխային՝ մահացած վիճակում։

ArmLur.am-ը դեպքի  մանրամասների վերաբերյալ զրուցել է Մելիք գուղի համայնքի ղեկավար Հակոբ Մկրտչյանի հետ, ով նաև մահացած երեխայի ընտանիքի հետ ունի ազգակցական կապ:

«Առողջ, շատ լավ երեխա էր, գիշեր 23:00-ին մայրը կերակրել է, երեխան քնել է, առավոտյան ժամը 06:00-ին արթնացել  տեսել են երեխան չի արթնանում: Հիմա սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին»,-ասաց նա:

Մեր զրուցակցի փոխանցմամբ ՝ մահացած երեխան տան առաջնեկն էր, ընտանիքն ապրում է սոցիալապաես ապահով, նորմալ պայմաններում:

«Հայրը աշխատող տղա է, մայրն էլ տանը խնամում էր երեխային»,-հավելեց  մեր զրուցակիցը:

Նշենք, որ, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն,դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Լիդա Եղիազարյան