Իմունոլոգ Մարգարիտա Հովնանյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ ինչպես բոլոր վիրուսային հիվանդությունների, այնպես էլ կորոնավիրուսի դեպքում պետք է դիմադրողականության բարձրացում։

«Իմունիտետը բարձրացնող կոնկրետ դեղամիջոցներ չեմ նշի, որովհետև կան այնպիսիք, որոնք ոչ մի դեր չեն տանում և մեծամասամբ բիզնես են համարվում։ Դրա համար հիմնականում խորհուրդ ենք տալիս օգտագործել վիտամիններ՝ վիտամին C, B կոմպլեքսի վիտամիններ պարունակող մթերքներ։ Հնարավորության դեպքում մարզվել, կոփել օրգանիզմը։

Հիմա մեր պայմաններում, երբ հնարավոր չէ շատ դուրս գալ, ստացվում է, որ ֆիզիկական վարժությունների միջոցով կոփումը քչանում է, դրա համար մենք օգտագործում ենք համապատասխան միջոցներ, որոնք ավելի շատ վիտամին C պարունակող մթերքները կամ պրեպարատներն են»։

Ինչ վերաբերում է հեղուկներին, ապա իմունոլոգը խորհուրդ է տալիս առաջին հերթին խմել գոլ ջուր․ «Դա շատ օգտակար է և խորհուրդ է տրվում օրվա ընթացքում շատ օգտագործել։ Եթե խոսենք թեյերի մասին, ապա խորհուրդ են տրվում բուսական, կանաչ թեյերը, որոնք ևս կարող են ազդել դիմադրողականության վրա»։