Ոստիկանության ծառայողները 35-ամյա կասկածվողին հայտնաբերեցին, վնասազերծեցին ու բերման ենթարկեցին Կենտրոնական բաժին։

Երեւան քաղաքի Եկմալյան 1/1 շենքում մարտի 19-ի գիշերը կրակոցներ են հնչել, սպանվել է 47-ամյա տղամարդ։ Ոստիկանությունից հայտնում են, որ 35-ամյա կասկածվողը կրակել էր աներոջ ուղղությամբ ու սպանել նրան։

Մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու Կենտրոն վարչական շրջանը սպասարկող պարեկայինները պարզեցին, որ շենքի բնակիչներից մեկը անկանոն կրակոցներ է արձակել նախ շքամուտքի, ապա բնակարանի դռան մոտ՝ աներոջ ուղղությամբ։ 47-ամյա տղամարդը տեղում մահացել էր։ Դեպքի վայրում հայտնաբերվեցին գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, ատրճանակ, որսորդական հրացան, ինքնաձիգի փամփուշտի 10-ից ավելի կրակված պարկուճ եւ այլն։

Ոստիկանության ծառայողները 35-ամյա կասկածվողին հայտնաբերեցին, վնասազերծեցին ու բերման ենթարկեցին Կենտրոնական բաժին։ Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին, տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ առանձնապես ծանր հանցագործության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ 35-ամյա տղամարդը նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում (6-րդ գլխավոր վարչություն), եւ նա հայտնի փաստաբան, երջանկահիշատակ Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը)։