shamshyan.com-ը գրում է

Այսօր՝ մարտի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրեց, որ Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել. ոստիկանության բաժնի և բաժանմունքների պետեր են նշանակվել կանայք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 26-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը:

Մ. Եղշատյանը 2007թ-ին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան, 2010թ-ին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետը:

2010թ-ին նշանակվել է ոստիկանության Գուգարքի բաժնում որպես հետաքննիչ, 2010թ-ին՝ ավագ հետաքննիչ, 2014թ-ին ճանաչվել է ՀՀ ոստիկանության լավագույն հետաքննիչ, 2018թ-ին նշանակվել է ոստիկանության Բազումի բաժնի պետի տեղակալ՝ հետաքննության պետ: 2019թ-ին նշանակվել է ոստիկանության Բազումի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ: 2020թ-ի հունվարի 21-ին կրկին նշանակվել է ոստիկանության Բազումի բաժնի հետաքննության պետ:

Ոստիկանությունում գերազանց ծառայության կրծքանշանի է արժանացել, մի շարք պատվոգրերի ու շնորհակալագրերի, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազի պատվոգրին:

Ծառայության ողջ ընթացքում Մ. Եղշատյանը բարձր է պահել ոստիկանի պատիվը, եղել է պարկեշտ ոստիկան, վայելել անձնակազմի սերն ու հարգանքը:

Լինելով հետաքննության պետ՝ Մ. Եղշատյանը գրեթե միշտ անձամբ է այցելել դեպքի վայրեր և նրան ոստիկանության համակարգում ավելի շատ ճանաչում են «Երկաթե Լեդի» մականվամբ, քանի որ խստապահանջ է եղել, առաջին հերթին, ոստիկանության ծառայողների նկատմամբ, ապա՝ քաղաքացիների։