SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Անա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քնչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Զորի Բաբայանի որոշմամբ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-ամյա Հակոբ Գրիգորյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով:


Ֆոտոլրագրողը նաև հայտնում է, որ այսօր Վանաձորում աղմկահարույց սպանությունների մեջ հենց նա է կասկածվում, ով էլ հանցագործությունը կատարելուց հետո, երբ տեսել է, որ ոստիկանները րոպեների ընթացքում ժամանել են դեպքի վայր, մոտեցել է նրանց, և երբ համոզվել է, որ ոստիկանության ծառայողներ են, հայտնել է, որ ինքն է սպանել նշված անձանց, ինչից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Լոռու մարզային վարչություն:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ զոհերի թիվը կարող էր ավելի շատ լինել, եթե Վանաձորի ոստիկաններն ու Վանաձորի հիվանդանոցի բժիշկները օպերատիվորեն չժամանեին, և հենց նրանք են բոլոր վիրավորներին շտապ տեղափոխել հիվանդանոց, որոնցից 4-ի կյանքը Վանաձորի բժիշկները կարողացել են փրկել, իսկ մեկն էլ տեղում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Գ. Շամշյանի տեղեկություններով, կասկածյալ Հ. Գրիգորյանը նախկինում 2 անգամ թմրամոլության համար դատապարտված է եղել, և բուժման նպատակով օրինական թմրամիջոց ստանալիս է եղել: Իսկ մահացածների և վիրավորների մեջ նույնպես կան նախկինում դատապարտվածներ, և նրանցից մի քանիսը Հ. Գրիգորյանից թմրամիջոց են ուզել, սակայն վերջինս հրաժարվել է տալ, ինչին պատասխան է լսել, որ կամ «մեզ նարկոտիկով կապահովես, կամ հարազատիդ կբռնաբարենք»: Եվ սպանության օրը, երբ հավաքվել են Հ. Գրիգորյանի տանը, որտեղ միշտ հավաքատեղի է եղել, Հ. Գրիգորյանը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել: