Գիտե՞ս, անբարոյական է աղքատ երկրում չինովնիկին թոշակառուից 15-20 անգամ ավելի վճարելը…եթե թիմակիցներդ չեն գիտակցում ու միայն աշխատավարձով չեն աշխատի, ապա ազատվի՛ր նմաններից

ԵՐԿՈւ ԽՈՍՔ…
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Վարչապետը երեք ժամից ավելի ուղիղ եթերում պատասխանում էր մեր քաղաքացիներին հուզող հարցերին։ Ցավոք, նման դեպքերում հետադարձ կապ չկա և մենք հնարավորություն չենք ունենում տեղում արձագանքել։ Որոշ հարցերին վարչապետի տված պատասխանները հիմնավոր ու փաստարկված էին, որոշ պատասխաններ, չնայած վարչապետի համոզված ու վստահ լինելուն, այնքան էլ համոզիչ չէին։ Սակայն անձամբ ինձ շատ անհանգստացրեց այն զգացումը, որ Փաշինյանի մոտ երևում են իր անսխալականության երանգներ, որը կարող է լինել իրավիճակի մասին ոչ ամբողջական ու ճիշտ ինֆորմացիա ունենալու պատճառով, որն էլ իր հերթին կարող է լինել այդ ինֆորմացիան տվողներին չափից ավելի վստահելու հետևանք։ Այսօրվա իրականությունը չընդունողներին, չարախոսելու և չարախնդալու առիթ և ձվի մեջ մազ փնտրողներին ասեմ, որ այսօրվա փոփոխությունների կողմնակիցն ու վարչապետի աջակիցն եմ և քննադատական խոսքս հետապնդում է նրան սխալներից ետ պահելու և ո’չ թե հարվածելու, սևացնելու և չարախնդալու նպատակ։ Այնպես որ` հանկարծ չուրախանաք ու չառիթավորվեք։ Մանավանդ, դա իմ զուտ անձնական, սուբյեկտիվ, գուցե և, ոչ ճիշտ կարծիքն է։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ալեքսանդր Սայադյանը:

Տնտեսագիտական և կորոնավիրուսի հետ կապված առողջապահական հարցերին ու պատասխաններին թող անդրադառնան դրանց լավ տիրապետող մասնագետները, իսկ ես ուզում եմ խոսել զուտ մարդկային ու բարոյական հարթությունում գտնվող երկու հարցի մասին, որոնց տրված պատասխանները ինձ ամենևին չհամոզեցին ու չբավարարեցին։

1. Վարչապետն ասաց, որ իրեն, իհարկե, դուր չի գալիս, որ լրատվամիջոցներում հայհոյում ու վիրավորում են իրեն ու իր ընտանիքի անդամներին, բայց ինչ կարող է անել։ Հարգելի վարչապետ, Նիկոլ ջան, չգիտեմ, թե քեզ ու քո ընտանիքի համար ինչ կարող ես անել, բայց իմ և իմ նման շատերի ու մեր ընտանիքների համար, որ հեղափոխությունը, կատարվող քայլերը պաշտպանելու պատճառով նույնպես հաճախ ստանում ենք հայհոյանքներ ու վիրավորանքներ, պարտավոր ես ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Որպեսզի ասածս միակողմանի չլինի, հավելեմ, որ հայհոյանքներն ու վիրավորանքները մեդիադաշտում հնչում են և’ հեղափոխականների, և’ հակահեղափոխականների կողմից, ինչը անընդունելի է։ Այս վիճակից դուրս գալու միակ ելքը այսօր, զանգվածային լրատվամիջոցներում զազրախոսության և սեռական բնույթի հայհոյանքների համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրենքի ընդունումն է։ Դա կլինի ոչ թե խոսքի ազատության իրավունքի սահմանափակում, այլ մարդկանց պատվի ու արժանապատվության պաշտպանություն։ Թե չէ, թավշի պատճառով կհայտնվենք, եթե արդեն չենք հայտնվել, լկտիության ու ամբարտավանության ճահճում։

2. Չինովնիկական կաստայի աշխատավարձերի և պարգևավճարների մասին վարչապետի պատասխանը նույնն էր, ինչ արդեն մեկ անգամ ասել էր։
Հարգելի վարչապետ, Նիկոլ ջան, ժողովուրդը հեղափոխություն անում է, որպեսզի նոր իշխանություն ձևավորի իր հալով ապրած, իր հոգսերը հասկացող, թեև համեստ ապրած, բայց աչքը լիքը մարդկացից և հույսով, որ նոր իշխանավորները պաշտոն ստանալով չեն մոռանա իրենց հեղափոխական լինելը։ Բարձր աշխատավարձերն ու պարգևավճարները ոչ այնքան հարվածում են պետբյուջեին, որքան` մարդկանց բարոյա-հոգեբանական տրամադրություններին։ Իսկ սա արդեն իր մեջ մեծ վտանգներ է պարունակում, որը վերջին հաշվով կարող է հանգեցնել հեղափոխության համար անցանկալի հետևանքների։ Ասում ես, միայն աշխատավարձը քիչ է, որպեսզի նախարարը, պատգամավորը, ղեկավար աշխատողը լավ աշխատի։ Գիտե՞ս, անբարոյական է աղքատ երկրում չինովնիկին թոշակառուից 15-20 անգամ ավելի վճարելը, ընդ որում չինովնիկը ինքը առաջինը պիտի դա գիտակցի։

Իսկական հեղափոխականը, ինչպիսին իրենց համարում են քո թիմից շատերը, պիտի հրաժարվի պաշտոնի ընձեռած արտոնություններից, մինչև կյանքը բարելավվի, վերջնականապես հունը ընկնի։ Դա է բարոյականը։ Իսկ եթե թիմակիցներդ չեն գիտակցում ու միայն աշխատավարձով չեն աշխատի, ապա ազատվիր նմաններից։ Մեր ժողովրդի արգանդը չի չորացել, կան մարդիկ, որոնք պատրաստ են աշխատել, միայն պետք է ավելի ուշադիր նայես կողքերդ։

Այս հարցով մի անգամ էլ եմ դիմում իրենց ընդդիմադիր համարող խորհրդարանական ուժերին` ԲՀ-ին և ԼՀ- ին։ Մշակեք ու ԱԺ բերեք պարգևավճարները չեղարկող օրենքի նախագիծ և տեսնենք, թե որ խորհրդարանական ուժը դեմ կքվեարկի։ Սա ձեզ համար հաղթափուղթ /козырь/ է, օգտվեք։ Թե՞ СЛАБО, ինչպես կասեր Նաիրան։ Եթե այս քայլը չանեք, նշանակում է ձեր` թալան-մալանի մասին խոսելը ընդամենը ջուրծեծոցի է, օդում քամի անել է, և դուք իրավունք չունեք բարոյախրատական ճառեր կարդալ։ Առայժմ` այսքանը։ Հուսով եմ ասածս կհասնի բոլոր հասցեատերերին։

Հ.Գ. Որպեսզի միայն իրենց շահերով ապրող ոմանք, նորից ավել-պակաս քոմենթներ չգրեն, թե ես պաշտոն եմ ուզում, ասեմ, որ օրենքն ու տարիքս ինձ թույլ չեն տալիս պետական ղեկավար պաշտոն զբաղեցնել։ Կարող եք հանգիստ քնել։