Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի հիման վրա նկարահանված համանուն հեռուստադրաման, որում Երանուհուն է մարմնավորում Աննա Էլբակյանը, մեծ արձագանք գտավ դիտողների շրջանում: BRAVO.am-ի նոր զրույցը դերասանուհու հետ իր կերպարի, արդեն սիրված աղոթքի տեսարանի, երկրում տիրող իրավաճակի եւ թոռնիկների մասին է:

«Մարդկանց մեջ մրցակցություն կա»

«Պատվի համարն» իմ եւ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի առաջին համագործակցությունն էր: Տպավորված եմ իր կատարած աշխատանքով: Հրաչի հետ շատ հեշտ էր, քանի որ նկարհանման հրապարակում ուշադիր է բոլոր դետալներին: Դերասանական կազմը եւս շատ պրոֆեսիոնալ էր, անգամ փոքր թվացող դերերը մարմնավորում էին հրաշալի դերասաններ: Ի սկզբանե զգում էի, որ ստացված նախագիծ ու հետաքրքիր աշխատանք է լինելու, քանի որ շատ լավ էի ճանաչում դրամատուրգ, սցենարիստ Անահիտ Աղասարյանին: Շիրվանզադեի բարձրաձայնած թեման այսօր էլ այնքան արդիական է: Երբ հարստության չափը մեծ է, մարդուն դժվար է լինում դրանից հրաժարվելը: Այսօր էլ մարդկանց մեջ մրցակցություն կա: Մտածում են, որ դիմացինի հեռախոսն ավելի լավն է, տունն՝ ավելի մեծ, մեքենան՝ ավելի թանկարժեք:

Զգացմունքային Երանուհին

Իմ կերպարը Շիրվանզադեի ստեղծագործության երրորդ գործողության մեջ ընդհանրապես չկա: Կարծում եմ՝ պայմանավորված է այդ ժամանակաշրջանով, երբ կնոջ գործառույթները շատ սահմանափակ են եղել: Բայց Անահիտը որոշել է շարունակել նաեւ իմ կերպարի գիծն ու ստեղծել է զգացմունքային, խոր Երանուհուն:

Աղոթելու տեսարանների մասին

Տպավորիչ է վերջին մասում աղոթքի տեսարանը: Գիտեք, մի բան է, երբ քո բառերով, քո ձեւով ես աղոթում, մեկ այլ բան է այդ աղոթքը գեղարվեստորեն, էկրանային ներկայացնելը: Երկու աղոթքներն էլ լսելի են, իհարկե: Այն աղոթքը, որ քո հոգում, քո բառերով ես անում, եւս լսելի է: Երբ կարդացի սցենարով նախատեսված աղոթքը, զգացի, որ Անահիտ Աղասարյանը խորհրդակցել է քահանաների հետ, ովքեր ավելի հստակ, համառոտ կգրեին այդ աղոթքը: Ֆիլմի այլ հատվածներում եւս եղել են աղոթքի տեսարաններ: Սցենարով գրված է եղել, որ տվյալ դրվագում պետք է աղոթք լինի, բայց գրված չի եղել, թե ինչ աղոթք. վերցրել եմ Աստվածաշնչյան հատվածներ:

Մանրամասները՝ այստեղ։