Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մի քաղաքացի Opel մակնիշի 36 DX 122 համարանիշի ավտոմեքենայի մեջ նստել և բողոքի ակցիա է անում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է  Shamshyan.com-ը:, նշված քաղաքացին, ով կլինի 30-35 տարեկան տղամարդ, շրթունքների մի փոքր հատված կարել է և հայտարարում է, որ ինքը բողոքի ակցիա է կատարում, քանի որ չի կարողանում իր ընտանիքի անդամների սոցիալական խնդիրները լուծել:


 

Այս պահին նրա հետ բանակցություններ են վարում ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժանային կառավարման Ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Վելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանական կենտրոնի հոգեբանը:

Փրկարարների ու ոստիկանների հետ զրույցում տղամարդն ասում էր. «Սոցիալապես անապահով խավից եմ: 6 երեխա ունեմ, ու հիմա էլ կինս հղի է: Չգիտենք, թե ում դիմենք, որ մեզ էլ նպաստ տան: Երեկ, բարեբախտաբար մի քանի պատգամավորի հանդիպեցի, նրանցից մեկը նույնիսկ ինձ տարավ իր տուն: Սակայն դրանով իմ պրոբլեմները չլուծվեցին»: