Հասականալի է, որ դու, վիկտոր, ժամանակին Հայաստանի նախագահի աթոռը զավթած քոչարյանի մամուլի քարտուղարն էիր ու հիմա էլ նրա գրասենյակի պետը, ինչ-որ բաներ պիտի ձեռնարկես, պիտի ջանքեր թափես, որ արդարացնես քոչարյանից աշխատավարձ ստանալը:

Բայց այս աստիճանի՞, որ արդեն քեզ միջազգային հարաբերությունների տեսաբա՜ն ես կարծում, հայտարարություննե՜ր ես տարածում:


Հավանաբար դու նախորդ օրը Մոսկվա էիր գնացել՝ ձեռքիդ «Նամակ Ռուսաց թագավորին» գրությունը, հավանաբար հանդիպել ես ընկեր Պուտինի հետ, նրան հանձնել նամակը, որ ռոբիկի ձեռամբ գրվել է բանտախցում, և ընկեր Պուտինը, կարդալով այդ նամակը, քեզ ասել է.

«Հանգիստ վերադարձիր քո երկիր, վիկտոր, և, ինձանից արդեն երաշխավորված լինելով, ասա ձեր համախոհներին, որ քո շեֆի հետ մենք ընկերներ ենք, իսկ ընկերոջը պաշտպանել պետք է»:

Լավ, ասենք թե շեֆիդ «իրավունքները» (10 տարի շարունակ Հայաստանում անմեղ մարդկանց իրավունքները ոտնահարողը դեռ իրավունքներ էլ ունի՞) պաշտպանելու համար ամեն հիմարություն կարող ես դուրս տալ, բայց այդ աստիճա՞ն, այդքան լկստվելո՞վ, այդքան հաբռգելո՞վ…

Տո այ ջայլամի պահվածքի վիկտոր, որ հայացքով շրջվել ես հայ-ռուսական հարաբերությունների ներկա ամուր կապերից, հո չի՞ նշանակում, թե դրանք չկան: Մի նեղություն քաշիր Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումների խրոնիկա՛ն նայիր:

Իհա՛րկե ռոբիկը պիտի մնա կալանքի տակ, որովհետև անչափելի են նրա կատարած հանցագործությունները, որոնք միայն մարտիմեկյան գործի քննությամբ նախատեսված այն 80 հատորների մեջ չեն: Շարունակե՞մ, վիկտոր, այդ հատորներից դուս եղած փաստերը քեզ հրամցնելով:

Դու դրանք ինձանից լավ գիտես, պարզապես դու էլ, ռոբիկի պաշտպաններն էլ սևեռված եք մի բանի վրա՝ կալանքից ազատել ռոբիկին՝ ամեն զարտուղի ճանապարհներ ընտրելով:

Անգամ եթե կալանքից ազատվի (Աստված ոչ անի) իր վրայից հո չե՞ն վերանալու մեղադրանքները: Բայց նրան ոչ մի պարագայում չի կարելի ազատության մեջ թողնել, որովհետև այն, ինչ անում է ռոբիկը բանտախցից, պատկերացնել կարելի է, թե ինչերի՜ է ընդունակ ազատության մեջ: Ոտքերդ, վիկտոր, վերմակիդ լայեղ երկարացրու,-սա՛ էլ՝ մեր տատերի խոսքը քեզ:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ