Կորոնավիրուսից Հայաստանում 19-րդ մահացածը հայտնի երգիչ Սարգիս Շիբոյանն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 19-ի: Վերջին մահացողը 58-ամյա տղամարդ է, ով ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:

ՀՀ ԱՆ-ից նաև հայտնել էին, որ ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ մահացել է  Bard ակումբի անդամ, հեղինակային երգի կատարող, երգահան Սարգիս Շիբոյանը։  Նա ընդամենը 58 տարեկան էր։ Նրա մահվան լուրը  անակնկալի է բերել  նրա ընկերներին ու հեղինակային երգը սիրողներին։