Արտուշ պապը կոտրեց ռեժիմի ողնաշարը․ Միասնականության հաղթանակը

82-ամյա Արտուշ Միրզոյանի պետական մակարդակով այցը Ծիծեռնակաբերդի հուշամահալիր որակվեց խորհրդանշական։ Որևէ կերպ չէի ցանկանել մեկնաբանել ՀՀ իշխանությունների և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլը, տեղի ունեցածը քաղաքականությունից զերծ պահելու նպատակով։ Միևնույն ժամանակ հարկ եմ համարում արձանագրել, որ Արտուշ Միրզոյանի քայլերթն իսկապես խորհրդանշական էր։ Խորհրդանշական էր մի քանի տեսանկյունից։

Արտուշ պապը երեկ հարգանքի տուրքը մատուցեց համավարակի պատճառով տանը նստած միլիոնավոր հայերիս փոխարեն, աշխարհին ցույց տալով, որ մեր երթը դեպի արդարության հաստատում անհնար է կասեցնել։ Արտուշ պապը ցույց տվեց, որ արդարության համար պայքարը վաղ թե ուշ ավարտվելու է հաղթանակով։

Անդրադառնամ նաև խորհրդանշական այցի նկատելի, բայց ոչ այնքան ցայտուն արտահատված կողմին։ Արտուշ պապը կրկին անգամ ցույց տվեց, որ անհնարին ոչինչ չկա։ Այո, դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր քայլերթը երկար էր ու դժվար։ Մեր հարգելի հայրենակիցներից ոմանք տեղի ունեցող զարգացումները շահարկման առարկա դարձնելով փորձեցին քաղաքական կեղտոտ միավորներ վաստակել, բայց․․․։ Անմիջապես նշեմ, որ ստեղծված իրավիճակում հաղթող ճանաչվեց բացառապես Արտուշ Միրզոյանը։

Արտուշ Միրզոյանը կրկին կոտրեց ռեժիմի ողնաշարը։ Ռեժիմ, որը արմատացած լինելով մեր ենթագիտակցության մեջ տարիներ շարունակ թույլ չէր տալիս հավատալ հաջողությանը, հավատալ հաղթանակին։ Բոլորս կրկին հավատացինք, որ քաղաքացու արդար և բարի մղումները դատապարտված են հաղթանակի և որ հպարտ ու անկոտրուն քաղաքացու դեմ իսկապես խաղ չկա։

Այո, բազմաթիվ մեր հայրենակիցները ուշ երեկոյան ժամանակից առաջ ընկնելով արձանագրեցին քայլերթի կասեցումը և նույնիսկ գնահատականներ հնչեցրին։ Կհամարձակվեմ ասել սակայն, որ խորհրդանշական այցի պահին բոլորը վայելեցին հաղթանակի բերկրանքը։ Բոլորն անխտիր ապրեցին աննկարագրելի հպարտության րոպեներ։ Րոպեներ, որոնք թեկուզ կարճ ժամանակով, բայց այնուամենայնիվ արձանագրեցին մեր միասնականությունը, միասականության հաղթանակը։

Արձանագրվեց այն միասնականությունը, որի դեմ ևս խաղ չկա։ Ու թող Արտուշ պապու խորհրդանշական քայլերթը դառնա մեր միասնականության հաղթանակի կարևորագույն հանգրվանը։