168.am-ը գրում է․

Կուրթանեցի Մեխակը շուտով նոր տուն կունենա: Այս լուրը 168.am-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Մեխակը. «Դե, Սիփան Փաշինյանը էկավ, ունը տվել են, գրանցել են իմ վրա: Էլի Կուրթանում ա, մեր տնից երևի 200-300 մետր վերև, էրկու հարկանի տուն ա»:

Նա հայտնեց, որ մնացել են փաստաթղթային վերջնական ձևակերպումները. «Ինձ ու վարչական ղեկավարին կանչեցին Երևան, նոտարով շուռ տվին իմ վրա, բայց պիտի կադաստր էլ գնացվի, թե ինչ՝ չգիտեմ»:

Մեխակի ոգևորություն անսահման էր, այնքան ուրախ էր կատարվածով, որ շտապեց տան լուսանկարներն ուղարկել. վերջապես ընտանիքը դուրս կգա թիթեղապատ ու փայտաշեն տնակից:

«Արդեն նոր տա՞նն եք»՝ հարցրինք Մեխակին:

«Որ գնացինք Երևան, ասավ՝ Մեխակ ջան, մի 20 օր կսպասեք, կգամ, բացումը կանենք, արդեն կմտնեք մեջը: Ասում են՝ էս երկու օրը պիտի գա, թե հմի բացումը կանի, թե հմի՝ ոնց, ինչ, չգիտեմ»,- պատասխանեց Մեխակը:

Նրա առողջական վիճակը, սակայն, շարունակում է ծանր մնալ. «Պառկեցի 10 օր, բայց գիշերները ցավ եմ ունենում շատ գեշ, ողնաշարիս ցավեր եմ ունենում»:

Կուրթան համայնքի ղեկավար Նարեկ Նալբանդյանից հետաքրքրվեցինք, թե ո՞վ է տան գնորդը, նա նշեց. «Տեղյակ չեմ մանրամասներից, թե գնորդն ով է»:

168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Մեխակի պատմությանը:

Հիշեցնենք, որ Մեխակ Առաքելյանը Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել՝ օգնել տուն ունենալու հարցում: Վարչապետը հանդիմանել էր՝ նկատելով, որ առողջ տղամարդն ինքը պետք է իր ընտանիքի խնդիրը լուծի: Մինչդեռ Մեխակը չէր հասցրել ասել, որ առողջ չի ու անգամ ողնաշարի լուրջ խնդիրներով գյուղում ուրիշների հողն է մշակում՝ հացի խնդիրը լուծելու համար:

 

Այդ տեսանյութից հետո շատերը Մեխակին օգնելու պատրաստակամություն հայտնեցին:


ԱԺ «Իմ քայլն» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն այցելել էր

Մեխակ Առաքելյանի հետ հանդիպումից հետո նա լրագրողներին տեղեկացրել էր, որ քաղաքացու խնդիրները լուծելու համար շատերն են աջակցություն առաջարկել, սակայն տրամադրվող օգնության մասին չի կարող մանրամասնել, քանի որ ընտրական գործընթացի մեջ են, և մանրամասները հանրությանը կներկայացվեն հանրաքվեից հետո, որպեսզի շահարկումներ չլինեն։

Այսօր փորձեցինք կապ հաստատել նաև Սիփան Փաշինյանի հետ, սակայն չհաջողվեց զրուցել նրա հետ:

Ավելի ուշ՝ քաղաքացու խնդիրների մասին տեղեկանալուց հետո, վարչապետը հրապարակայնորեն ներողություն էր խնդրել Մեխակ Առաքելյանից: