Ինչպես արդեն հայտնել ենք, երկարատև հիվանդությունից մահացել է դատախազ Հեղինե Բադալյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ մահվան պատճառը եղել է քաղցկեղը:

Հեղինե Բադալյանը ծնվել էր 1984թ. օգոստոսի 14-ին Երևան քաղաքում:

1999-2005թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ ստանալով պետական և մունիցիպալ կառավարման բակալավրի, ապա մագիստրոսի աստիճաններ:

2007-2010թթ. սովորել է Երևանի մենեջմենթի համալսարանում՝ ստանալով իրավաբանի կրթություն:

2011-2013թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային գործունեությունն սկսել է 2003 թվականի օգոստոսից՝ Մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես խմբագիր:

2003-2013թթ. աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ նախ որպես աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա աշխատակազմի ղեկավարի օգնական, նախարարի տեղակալի օգնական:

2013թ. տեղափոխվել է դատախազության համակարգ՝ նախ որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի քարտուղարության գլխավոր մասնագետ:

ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. ապրիլի 7-ի հրամանով նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ՝ ստանալով արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Ամուսնացած չէր: