«Երկուսով» նոր սերիալի գլխավոր հերոսներից է Կամերային թատրոնի դերասան Զիրոյանը: Թե որքանով է կարողանում համատեղել սերիալի նկարահանումները մյուս աշխատանքների հետ, ինչպիսի կերպարով է այս անգամ հանդես գալիս, ինչ վերաբերմունք ունի առաջին սերիայում ցուցադրված Իննա խոջամիրյանի հետ համբույրի տեսարաններին, դերասանը պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում:

«Մոտ մեկ տարի սերիալում նկարահանվելու առաջարկ չի եղել: Այս մեկն էլ շատ պատահական էր. սերիալի ռեժիսորի եւ օպերատորի հետ նախկինում աշխատել էի, «Շանթ» հեռուստաընկերությունում մի օր հանդիպեցինք, առաջարկեցին կերպարը փորձել, հետո զանգեցին եւ ասացին, որ ընտրվել եմ»,-պատմել է Զիրոյանը:

Նա դեռ չի հասցրել կարծիքներին հետեւել առաջին երկու սերիաներից հետո, քանի որ ամբողջ օրը նկարահանման է.«Իսկապես շատ ծանրաբեռնված գրաֆիկով եմ այժմ աշխատում: Թատրոնի ներկայացումներին եւ «Women’s club»-ի փորձեր-նկարահանումներին գումարվել է սերիալային զբաղվածությունս: Առաջարկն ընդունելիս, իհարկե, չհասցնելու վախ կար, բայց սա ինձ համար փորձություն է. եթե այս ռիթմին կարողանամ հարմարվել, ուրեմն շատ ավելի բաներ կկարողանամ հասցնել: Փորձում եմ այնպես անել, որ ոչ ոք իմ պատճառով չտուժի, ոչ ոքի վատ դրութան մեջ չդնեմ: Ծանրաբեռնվածությունից չեմ բողոքում, բայց մտածում եմ անընդհատ չքնելը կամ քիչ քնելը, Աստված չանի, մի վատ բանի կարող է բերել: Այս շրջանում տան անդամներից միայն մամային եմ հանդիպում առավոտյան շատ շուտ»:

Զիրոյանի հետ խոսել ենք նաեւ Իննա Խոջամիրյանի հետ համբույրի տեսարանների մասին.«Երբ ինձ առաջարկեցին նման տեսարանում նկարահանվել, ասացի՝ խնդիր չկա, դա իմ աշխատանքն է, որին ես բավական լուրջ եւ պրոֆեսիոնալ եմ մոտենում: Սա ֆիլմ է՝ կյանքից վերցրած. ամեն մեկի կյանքում էլ կարող են նման տեսարաններ լինել, բայց ամեն մեկինը ցույց չեն տալիս: Եթե այդ ամենն արվում է էսթետիկ, գեղեցիկ, շատ լավ է: Ոչ միայն դեմ չեմ նման տեսարաններին, այլեւ ուրախ եմ, որ կան նման արդարացված տեսարաններ: Ի դեպ, կապ չունի՝ ֆիլմում աղջիկը կհամբուրվի, թե տղան. չէ՞ որ երկուսն էլ մասնագիտությամբ դերասան են: Թե՛ մերկ, թե՛ համբույրի տեսարաններում նկարահանվելուն դեմ չեմ: Հաճախ լինում է, որ սերիալը դիտելիս ինչ-որ մեկին ասում ես՝ ինչ լկտի է, բայց իրականում շփվելով հասկանում ես, որ ընդհանրապես կապ չունի դերի հետ: Այդ ժամանակ, ինքս լինելով դերասան, զարմանում եմ, որ մարդը կարողացել է ինձ համոզել այդ կերպարով, բռավո՛ նրան»: