Tert.am Life-ը գրում է.

Արտերկրում լայն տարածում ունի «ռայդեր» ասվածը, որը ներկայացնում է հայտնի մարդու պահանջները որևէ նախագծի կամ միջոցառման մասնակցելիս: Հաճախ «աստղային ռայդերները» զարմացնում են իրենց տարօրինակություններով ու կամակորություններով:

Հայաստանում «ռայդեր» ասվածն ավելի հաճախ տեխնիկական է, չնայած հայ հայտնիներն էլ իրենց կամակորություններն ունեն: Իր նոր խորագրում Tert.am Life-ը կբացահայտի հայ հայտնիների ռայդերներն ու պահանջները, որոնց բավարարման դեպքում միայն նրանք կհամաձայնեն աշխատել:

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի պահանջները շատերին, գուցե, տարօրինակ թվան, օրինակ, մի անգամ նա պահանջել է, որպեսզի իր գլխին անձրևանոց պահել՝ նկարահանման վայր հասնելու համար: Վերջինս շեշտում է՝ պահանջներ ներկայացնելուց զատ ինքը միշտ հավուր պատշաճի է ներկայանում նկարահանումներին, իր պահանջներն էլ ինքնանպատակ չեն:

«Մեր պահանջները չի կարելի «ռայդեր» կոչել: Ինքս «ռայդեր» ասվածին առաջին անգամ ծանոթացա, երբ ինձ հրավիրել էին ԱՄՆ՝ վարելու անվանի հայ մարդու ընտանեկան 3 միջոցառում: Ինձ մեյլով ուղարկեցին «ռայդեր», որտեղ նշված էր ընդհուպ պատուհանից բացվող տեսարանը, սրբիչի նախընտրելի գույնը, սպասարկող մեքենան: Ինձ թվում էր՝ մեկնելու եմ ոչ թե առիթ վարելու, այլ հոլիվուդյան գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու,- ասաց նա, իսկ դիտարկմանը, որ հայ պատվիրատուները սովորաբար նման բաների ուշադրություն չեն դարձնում, անգամ, եթե արտերկրում են ապրում, նա արձագանքեց,- այդ մարդիկ, ոչ թե Հայաստանից են տեղափոխվել ԱՄՆ, այլ Արգենտինայում են ծնվել, մեծացել, հետո տեղափոխվել ԱՄՆ: Իրենց մենթալիտետի մեջ դա կար, ֆինանսական հնարավորություններն էլ թույլ էր տալիս նման բան անել: Շատ եմ ափսոսում, որ հարսանիքը չեղարկվեց ու չմեկնեցի, խոստացել են՝ հենց իրենց որդին ամուսնանա, ես եմ վարելու առիթը: Սպասում եմ»:

Ըստ դերասանի՝ այն, ինչ ինքն է պահանջում սերիալներում նկարահանվելու համար, նվազագույնն է: «Գուցե իմ ասածն արտասովոր է, բայց ես ներկայացնում եմ դերասանի մինիմալ պահանջները: Որևէ ֆիլմում ինձ հագուստ չեն տրամադրել, ինքս գնում եմ իմ հագուստը, սակայն իմ պահանջն է, որ իմ հագուստը կարգուկանոնով տանեն, բերեն, դասավորեն, արդուկեն: Ժամանակին նույնիսկ իմ փոքր արդուկն էի հետս տանում նկարահանման հրապարակ: Այն Շվեդիայից էի գնել և շատ որակյալ էր: Իրենց արդուկով, գուցե, այրեին իմ հագուստը: Եթե անգամ արդուկած հագուստս կախիչով բերում եմ, մեքենայի մեջ այն ծալվում է: Սկզբում մեր «կոստյումերն» ասում էր՝ առաջին անգամ եմ տեսնում դերասանի, որն ասում է՝ հագուստս արդուկեք, որպեսզի նկարահանվեմ: Չեմ ուզում որևէ մեկին քլնգել, բայց ես չեմ ծալում իմ հագուստը, հետո հագնում, որ նկարահանվեմ: Ինձ համար դա նորմալ պահանջ է»,- ասաց նա, իսկ հարցին՝ ինքը չի՞ կարող մեքենայից բերել իր հագուստը, արձագանքեց, որ, երբեմն, ինքն է բերում, իսկ երբ զբաղված է, կոստյումերին է խնդրում այդ մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ