Քաղաքական գործչին վայել չէ գետնին կապած ոռնալ, հաչալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը` անդրադառնալով ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցի մասնակցությանը աղմկահարույց «ՀուԶանք ուԶանգ» ներկայացմանը:

«Եթե քաղաքական գործիչը կարող է գետնին կապած հաչալ, ոռնալ, ապա կամասուտրան եւս արվեստ է, որ նախարարությունները կֆինանսավորեն: Դա ինչ արտահայտություն է, արվեստը սահմաններ չունի։ Այո, արվեստը, բայց ոչ թե սանձարաձակությունը,ոռնոցներն ու այլանդակությունը: Թող իր քաղաքական թիմը, թիմի ղեկավարների միջամտությունը լինի այստեղ: Եթե իր քաղաքական թիմի վերադասների համար սա նորմալ է, եւ եթե քաղաքապետը շարունակի տիկին Խաչունցի լիազորությունները չսահմանափակել, ուրեմն իրենք եւս պատասխանատվություն են կիսում: Իհարկե, կմեկնաբանեն, որ ավագանու անդամն ընտրովի է եւ որեւէ մեկն իրավունք չունի պարտադրել, որ մանդատ դնեն, բայց երբ վարչության պետերին եւ մնացածին, իրենց բառերով, առաջարկվում է դիմում գրել եւ հեռանալ, ինչպես, օրինակ, կենադանաբանական տնօրենի հետ եղավ, թող տիկին Խաչունցին էլ առաջարկեն դիմում գրել եւ հեռանալ, որովհետեւ պատվից վեր է այդ մարդու հետ նույն դահլիճում գտնվել: Եթե մարդը որեւէ տեղ կապված հաչում է, եւ ոռնում է ու դա նորմալ է, ներողություն, դա իմ համար նորմալ չէ, որ իմ քաղաքի խնդիրներով զբաղվի նման մարդը»,-նշեց նա:

Թեհմինա Վարդանյանը հույս հայտնեց, որ այդ հարցը «Իմ քայլը» խմբակցությունում կքննարկեն եւ լուծում կտան. «Հուսով եմ`10 հոգի կգտնվի, որ կասի` ի՞նչ է սա»:

Նշենք, որ ըստ կազմակերպիչների «ՀուԶանք ուԶանգը» կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը։

Ըստ կազմակերպիչների՝ «Հուզանք ու զանգը» հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու եւ շարժվելու ձեւի հանրային ընկալումը։ Ներկայացումը հղացվել է այս ընթացքում Երեւանում գտնվող գերմանացի վիզուալ եւ պերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցությամբ։ Նախագիծը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։