Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆունկցիան վերցնի իր վրա կամ կառավարության վրա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց դաշնակցության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց բնապահպանության նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին եւ վարչապետի այն հայտարարությանը, թե կրթության, մշակույթի ոլորտում քաղաքականության պատասխանատուն կառավարությունն է:

«Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա: Բայց առայժմ կա հնարավորություն, որ այդ քաղաքականությունը փոխի: Մենք չենք ուզում այս մոտեցումը սեւ ու սպիտակի բաժանել հասարակությունը, բայց եթե այդ դաշտ են մղում, պետք է բացատրեն իրենց հակազգային պահվածքը, թիրախը, ուղղորդումը որտեղից է գալիս»,-ասաց նա: