Ոստիկանները բացահայտել են նոյեմբերի 11-ին Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած դանակահարության դեպքը:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, այդ օրը՝ ժամը 16:40-ի սահմաններում էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ եւ ձախ կեսերի ու պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Խարբերդ այգեգործական ընկերության բնակիչ, 51-ամյա Ա. Ս.-ն է, ով ժամը 16:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում անհայտ անձի կողմից դանակահարվել է:

Շենգավիթի ոստիկանները ժամեր անց պարզել են, թե ով է կասկածյալը եւ բացատրական աշխատանքների շնորհիվ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Շենգավիթի ոստիկանություն է ներկայացել Երեւանի բնակիչ, 17-ամյա Մ.Ա.-ն:

Ոստիկանները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաձգաբանական, դատափորձագիտական, դատաբժշկական փորձաքննություններ: Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալ Մ. Ա.-ն սովորում է Երեւանում գործող ուսումնարաններից մեկի 3-րդ կուրսում, ով ստորագրությամբ բաց է թողնվել: