SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունից քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով հետագայում նյութեր պատրաստելու նպատակով ոստիկանության Շենգավիթի բաժին է ուղարկվել ՌԴ քաղաքացի՝ 54-ամյա Ա. Ա-ի դիմումը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Ա-ն, ով բնակվում է Երևանում, դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որ 32 տարի առաջ՝ 1989 հուլիսի 4-ին, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող 3-րդ ծննդատանը, որը ներկայումս գործում է որպես «Շենգավիթ» բժշկական կենտրոն, զույգ տղաների է ծննդաբերել, որտեղ երեխաներից մեկը մահացել է, իսկ մյուս երեխայի հետ իրեն տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ա. Ա-ն հայտնել է նաև, որ ինքը մինչև հուլիսի վերջը մնացել է հիվանդանոցում, որտեղ կատարվել է երեխայի ծննդյան ակտի գրանցում, իսկ որոշ ժամանակ անց իրեն տեղեկացրել են, որ երկրորդ երեխան նույնպես մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծննդկանը հայտնել է, որ ինքը կասկածներ ունի, որ իր 2 երեխաները ողջ են ու նրանց ապօրինի բաժանել են իրենից։

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: