Կարինե Հարությունյանը գրում է. Վարդան Պետրոսյանի նկարների ցուցադրությանն էի գնում, ցուրտ էր՝ մտա 1-ին պատահած խանութը։ Մեկ ոտքը կտր ած մի տղա վաճառողուհուն հարցրեց. «Էս բոթասի 41֊ն ունե՞ք»։ «Ունենք, հիմա կբերեմ։ Ա՞ջը բերեմ, թե ձախը»,֊հարցրեց աղջիկը՝ չտեսնելով ձախ ոտքի դատարկությունը։ «Ձախը»,֊մտածեց կատակ է անում աղջիկն ու տղան ինքն էլ հումորով պատասխանեց։
Աղջիկը ձախը գրկած բերեց, տղայի՝ օդում տատանվող տաբատի ձախ ոտքը տեսնելով՝ սկսեց լացել։ Էդ տղան հանգստացնում էր, թե՝ լավ հա, լավ կլինի, ինչ մի։ Դուրս եկա։ Դրսից անկապ բան էր գալիս՝ ոչ ձյուն էր, ոչ անձրև։ Էն Մաշտոց֊Ամիրյան խաչմերուկում կանգնած «100 դրամով օգնեք» պապին կոպեկներ հավաքելու թթվասերի դատարկ տուփով ծառի տակ հավաքված ջուրն էր հանում, մայթին թափում։ Կոպեկները մայթին
թափած, ծնկները ջրի մեջ էին, ասի՝ էս ի՞նչ ես անում է պապի, ինձ շան տեղ չդրեց, չպատասխանեց։ Կողքի լիմոն ծախող տղամարդն ասաց, թե պապին մի քիչ առաջ ասաց՝ արմատները մեղք են, չփտեն հանկարծ, վաղն էլ է անձրև գալու։ Ձնծաղիկ վաճառող տղան ասաց՝ չորս փունջ է մնացել, վերցրու, գնամ տուն։ Ասացի՝ չեմ ուզում, ինքն էլ, թե՝ լավ, նվիրում եմ։ Ցուրտ էր, ձեռքերս գրպանս էր. մտածեցի՝ լավ հիմա բռնեմ, հետո ցուցադրության ժամանակ ինչ եմ անելու։

Հետո փոշմանած շրջվեցի, ձեռքս էլ դրամանապանիս տանելով՝ տեսնեմ մի աղջիկ արդեն գնում է։ 4֊ն էլ էդ աղջկան վաճառեց, քմծիծաղ տալով նայեց աչքերիս ու ասաց.»Ուշացար, քուրս, քո գնացքը գնաց»։
Ու ես՝ գնացքից ուշացած, երկնքից եկող ինչ֊որ բանի տակ քայլելով գնում եմ, մեկ էլ կողքից լսում եմ.»Կյանք, բայց էդ շորիկի ի՞նչ էր թանկ, որ չառանք։ Ես երկու շաբաթ առաջ էի հավանել, մեռա գնալ֊գալով»։ Նայեցի զույգին. հեչ էլ կյանք չէր դիմացինն ու ավելի արագ քայլեցի՝ գոնե հաջորդ գնացքից չուշանամ։

Հասա տեղ վերջապես. պատերազմից հետո առաջին անգամ էի մշակութային միջավայրում։ Մի տեսակ աբորիգենի պես վախեցած կողքերս էի նայում՝ ինձ թվում էր, թե բոլորն էդ զգում էին, ինձ են նայում։ Հետո կամաց֊կամաց հունի մեջ ընկա, ու վերացած նկարներն էի նայում, Վարդան Պետրոսյանին լսում, ու հասկացա, որ հավես բան է մարդ լինելը, որովհետև ինձ թվում էր՝ ռոբոտ եմ դարձել պատերազմից հետո էնքան եմ նույն շրջանում պտտվում։

Ու էդպես թեթևացած դուրս եկա, հավես մի բան էր արդեն գալիս երկնքից (էլի նույն բանն էր, ինչ ամբողջ օրը), ու Երկրի ժամն էր, լույսերն անջատել էին։ Երկու տղա խոսում էին, թե՝ հորս արև, էս ինչի՞ ա մութ, չլնի տունն էլ լուս չկա, արա բա գորձ ունեմ անելու։ Ես էլ բարիացել էի, ասացի միջամտեմ ու մի երկու բառով պատմեցի՝ Երկրի ժամն է, հոսանքն անջատում են ի նշան երկիր մոլորակի «պաշտպանության», էս տղաներն ուշադիր լսեցին ու լրիվ անկեղծ, մուննաթով մեկն ինձ հարցրեց.»Լավ բա քուրս, երկիրն իմ համար ինչ ունի՞ արած, որ ես իրան լավություն անեմ»։ Ու քանի որ ես բարիացած էի, չպատասխանեցի ու վազեցի տաքսու ուղղությամբ։