Երբ 2018 թվականի ապրիլից սկսեցի պայքարել հանուն իմ երկրի կայունության, հանուն Հայաստանի բարեկեցության, հանուն սահմաններիս խաղաղության և հանուն ազգային արժեքների պահպանության, ես այդ ժամանակ ունեի ամեն ինչ։ Որքան պայքարս խորանում էր, այդքան շատ էի կորցնում։ Կորցրեցի աշխատանք, ընկերներ, սեր, կորցրեցի գրեթե ամենը, ինչ շատ էի սիրում։

Պայքարի ճանապարհին վիրավորեցի ու վիրավորվեցի, ճանաչեցի մարդկանց լավ ու վատ կողմերը, նաև գտա՝ գտա մարդկանց, ովքեր իսկապես իրենց երկրի նվիրյալներն են, ովքեր իրապես իրենց հայրենիքի նվիրյալներն են։ Պայքարի ճանապարհին շատ բան դրեցի զոհասեղանին, վերջին հարվածը եղբորս ապօրինի անազատությունն է, որը ևս դարձավ մեկ պատճառ պայքարելու համար։ Պայքար՝ հանուն օրինական երկիր ունենալու։

Երբ սկսեցի պայքարել, գիտակցում էի, որ շատ բան եմ կորցնելու, քանզի այսօրվա իշխանիկների տեսակը ինձ ծանոթ է։ Գիտեք՝ թատրոնում միշտ միջակ ու դիլենտանտ դերասանները միշտ խանգարում են տաղանդավոր դերասաններին, նրանցից գողանում բեմական հագուստը և այլ ստորություններ, իսկ երբ բախտի բերմամբ նրանք դեր են ստանում, սկսում են տաղանդավոր դերասանին կոխոտել ու ոչնչացնել։

Երբ սկսեցի պայքարել, բացարձակ չէի մտածում պայքարս բիզնես դարձնել, գումար աշխատել, և երբ ինձ ասում են, որ ես գումար եմ ստանում, դա ինձ ավելի է վիրավորում, քան լկտի հայհոյանքները, որոնք քոմենթագրերը գրում են իմ հասցեին։ Ես իմ պայքարը երբեք չեմ վաճառում, երբեք չեմ վառում իմ արժեքները ու երբեք հնարավոր չէ գումարի դիմաց ինձ կա՛մ լռեցնել, կա՛մ խոսեցնել։

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից