Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mersedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 150 մետր գահավիժել անդունդը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ ՇամշյանըԳագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության պետ, Սերոբ Գաբրիելյանի եւ Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ:

Մահացածների մարմինները ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս եւ պատգարակով, մեծ դժվարությամբ դիերը մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներին: