Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակել է համայնքին նվիրատվություն կատարած եւ պատվոգրեր ստացած անձանց անունները:

Դրանց թվում է նշված նաեւ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի նվիրաբերած 3 ԿամԱԶ: Մեկնաբանություններում խոսնակը հերքում է, որ դա Սամվել Ալեքսանյանինն է:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի շարք տնտեսվարող կազմակերպություններ եւ անհատներ, քաղաքային տնտեսության զարգացմանն օժանդակելու նպատակով նվիրատվություններ են արել քաղաքին: Տեղեկացրել ենք նաեւ, որ քաղաքապետը մտադիր է տարեմուտից առաջ ամփոփել այս նվիրատվությունները եւ շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնել սոցիալական բարձր պատասխանատըվություն դրսեւորած անհատներին ու կազմակերպություններին: Հասկանալի է, որ պարգեւատրվածների անունները հանրության սեփականությունն էին դառնալու»,-մասնավորապես գրում է խոսնակը:

Նա նեւ նշում է, որ հաշվի առնելով վերջին օրերին մամուլի հետաքրքրությունը հարցի շուրջ, եւ ձգտելով կասեցնել տարատեսակ շահարկումների հոսքը, հրապարակում են այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնց հետ այս պահի դրությամբ առկա են գույքի նվիրաբերման պայմանագրեր:

«Ընդգծում եմ, մի շարք այլ կազմակերպությունների կողմից գույքի (տեխնիկա, բնակմակերես եւ այլն) նվիրաբերման գործընթացը այս պահին դեռ չի ավարտվել»,-գրում է Կարապետյանը՝ հավելելով, որ մացած անունները կհրապարակվեն պայմանագրերի ստորագրումից հետո:

«Եվս մեկ անգամ նշենք, որ Երեւանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտի խթանման սկզբունքը, ինչը միջազգայնորեն տարածված պրակտիկա է: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրավիրում է Հայաստանում կամ արտերկրում բիզնես ծավալող բոլոր հայրենակիցներին՝ մասնակցել Երեւանի զարգացմանը:

Եվ այսպես, այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն են. 1.Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ
2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) — 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 — 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ,
3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ,
4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ,
5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ»,-գրում է նա: