Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր անդրադարձավ շուրջ 400 միլիոն դոլարի ներդրումային ծրագրի ձախողմանը։ Քաղաքապետը նշեց, որ հանդիպումն իսկապես եղել է

«Այդ մարդկանց հարմար էր հանդիպումն անել կիրակի օրը։ Ես ասացի խնդիր չկա, քանի որ մենք 24/7 ռեժիմով ենք աշխատում։ Ժամ ասեցին, մենք հարմարվեցինք իրենց, պարոն Մեսչյանին ասացի, որ կիրակի օրով գա հանդիպման։ Հրավիրել ենք պռոտոկոլին և շատ ձևով նրանց դիմավորել ենք։ Մենք շատ պաշտոնական էինք հագնված, իսկ իրենք ջինսերով ու մայկաներով»։

Մարությանի խոսքով հանդիպումն անցել է շատ պռոդուկտիվ.«Իրենք առաջարկում էին կառուցել հիվանդանոց և հյուրանոց։ Հիվանդանոցը, որ պետք է բարեգործական լիներ, բացարձակ այդպիսի խոսակցություն չի եղել։ Եղել է զուտ բիզնես։ Եվ շեշտը դնում էին կենտրոնի վրա»; հայկ Մարությանը ընդգծում է, որ իրենք բացատրել են, որ կենտրոնը գերծանրաբեռնված է․

«Իրենք հողատարածք էլ չունեին, մտածում էին՝ քաղաքը կունենա։ Մենք էլ ցույց տվեցինք, որ քաղաքը չունի կենտրոնում հողատարածք։ Մենք էլ առաջարկեցինք կենտրոնից դուրս և ասացինք, որ ամեն ինչով իրենց կաջակցենք։ Ես բառացի ասացի՝ դուք ոչ մի պրոբլեմ չեք ունենալու»։

Քաղաքապետը նշում է՝ հետո ինքն այլ ծրագրեր է առաջարկել. «Եվ հանդիպման այդ ընթացքում իրենց հեռախոսները սկսեցին զանգել։ Իրենք անկաշկանդ անընդհատ խոսում էին, այն ժամանակ, երբ ես ներկայացնում էի ծրագրերը։ Ես և պարոն Մեսչյանն էլ համբերատար սպասում էինք։ Ես էլ մտածեցի, ինքս իմ մեջ, միգուցե արդեն իրենք շտապում են, և ասացի՝ հանդիպումն ավարտենք և ևս մեկ անգամ վերահաստատեցի, որ բոլոր հարցերով մեզ դիմեն»;

Քաղաքապետը նշում է, որ մինչ օրս ոչ գրավոր, ոչ բանավոր դիմում չի եղել։