Ադրբեջանի նախագահը Հայաստանին և Իրանին մեղադրել է իր երկրի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու մեջ:

«Ադրբեջանը Իրանի հետ 130-կիլոմետրանոց պետական սահմանը վերականգնելուց հետո, որը նախկինում 30 տարի Հայաստանի վերահսկողության տակ էր, արգելք դրեց թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը Իրանից Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանով դեպի Հայաստան և հետագայում Եվրոպա», — այսօր ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հեռավար նիստին՝ հայտարարել է Իլհամ Ալիևը՝ առանց փաստեր վկայաբերելու։ Նա միայն նշել է, թե ադրբեջանա-իրանական սահմանին ադրբեջանական կողմի առգրաված հերոինի ծավալները վերջին մեկ տարում կրկնակի ավելացել են։

«Հայաստանը Իրանի հետ դավադրությամբ Ադրբեջանի օկուպացված տարածքներն օգտագործել են դեպի Եվրոպա թմրանյութ փոխադրելու համար», — պնդել է Ալիևը։

Պաշտոնական Թեհրանը դեռևս չի արձագանքել այս մեղադրանքներին։