Անի. «Երեխաներիս տեսակցելը գրեթե անհնար է. մի անգամ որդիս նույնիսկ փորձեց հարվածել ինձ»

Անին մեկն է այն կանանցից, որոնք ընտանեկան ու հոգեբանական բռնության են ենթարկվում։ Ի դեպ, բռնության զոհ են դարձել նաև նրա անչափահաս որդին ու դուստրը։ Ամուսինը տարիներ առաջ մահացել է ծանր հիվանդությունից, ինչից հետո նրա ծնողները թույլ չեն տալիս, որ մայրը խնամի երկու անչափահաս երեխաներին։ Մի քանի տարի է` կինը փորձում է օրինական ճանապարհով լուծել խնդիրը և դատարանների դռներն է բախում։

«2017 թվականին ամուսինս մահացավ արյան լեյկոզից։ Ամուսնուս մահից հետո ցանկություն չունեի ապրել սկեսրոջս հետ։ Երկու անչափահասա երեխաներ ունեմ` մեկ տղա, մեկ աղջիկ։ Սակայն, երբ սկեսուրս իմացավ իմ մտադրության մասին, կտրականապես հրաժարվեց երեխաներին ինձ տալուց»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Անին։

Այդ ամենից հետո Անին դիմել է համայնքի խնամակալության ու հոգաբարձության մարմին, որի նիստի ժամանակ իմացել է, որ առանց իր գիտության` երեխաների խնամակալ է ճանաչվել սկեսուրը։

Ասում է` դիմել է Արդարադատության նախարարություն, որպեսզի վերանայեն սկեսուրին խնամակալ ճանաչելու որոշումը, սակայն գործը փակել են` առանց որևէ բան անելու։

Անչափահաս երեխաների մայրը դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն այնտեղից էլ որևէ արձագանք չի ստացել։

«Երեխաներին վերցնելու պահանջով դիմեցի դատարան։ Դատական նիստերն անընդհատ ձգձգվում էին։ Նիստեր էին գումարվում 3-6 ամիս ուշացումով։ Երեխաներիս հետ հոգեբաններ զրուցեցին ու տվեցին իրենց եզրակացությունը, համաձայն որի` երեխաների մոտ ճնշված վիճակ է։ Հատկապես աղջկաս մասին գրել էին, որ նա վախենում է տատիկի ծեծից, իսկ տղայիս սկեսուրս սովորեցրել էր, որ ես եմ մեղավոր հայրիկի մահվան համար»,-մանրամասնում է Անին, պատմեով, որ նույնն էլ սկեսուրն է անում երեխաների աչքի առաջ, ամեն այցելությունս վեճով է ավարտվում, դրա համար էլ երեխաներին տեսակցելիս ստիպված է լինում ոստիկանների ուղեկցությամբ գնալ։

Երեխաներին հետ վերցնելու պահանջով դատական նիստը ձգձգվել է շուրջ երկու տարի, այդ ընթացքում Անին նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետին գրված նամակն ուղղորդել էին Արագածոտնի մարզպետարան, որտեղից էլ դարձյալ որևէ պատասխան չի եղել։ Ի վերջո, դատարանը որոշել է, որ երեխաները պետք է մնան տատիկի խնամքի տակ։

«Երեխաներին տեսակցելը գրեթե անհնար է, շատ ագրեսիվ են տրամադրված իմ հանդեպ. կրկնում են այն ամենը, ինչ սովորեցրել է տատը, խուսափում են շփվել ինձ հետ։ Մեկ անգամ, նույնիսկ, որդիս փորձեց ինձ հարվածել… հայտնվել եմ անելանելի վիճակում, չգիտեմ ինչ անել, ում դիմել»,-արցունքներն աչքերին պատմում է Անին։

Երկու անչափահաս երեխաների մայրն ասում է, որ հատկապես դատարանի վճռից հետո որպես այս երկրի քաղաքացի` իր իրավունքները ոտնահարված է զգում։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am

No Comments Yet

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *