Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է քաղաքացիների անձնական կյանքի վրա: Շնչելու հնարավորություն չի՞ մնալու:

Ես չեմ ուզում և թույլ չեմ տա, որ ոստիկանությունն իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսի: Քանի որ օրենքն ընդունելու դեպքում ես չեմ կարող թույլ չտալ իմ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ինձ կմնա երկու բան․

1. Կամ հեռախոս առհասարակ չունենալ և չօգտագործել,
2. Կամ հեռանալ Հայաստանից:

Հայաստանից հեռանալու հնարավորությունն առաջին, առաջին, առաջին անգամ է ծագում իմ գլխում: Բայց ես թույլ չեմ տա, որ ոստիկանությունն ինձ գաղտնալսի: Եթե ոստիկանությունն անզոր է, տգետ է կամ որևէ այլ պատճառով չի կարող մեր երկրում կանխել հանցագործությունը կամ հայտնաբերել հանցագործին, ապա հեռախոսալսումները դրան չեն օգնելու: Ընդհակառակը, հեռախոսային գաղտնասլումները խթանելու են հանցագործությունները: Հանցագործները, կոռուպցիոներները, ստահակները հազարավոր ձևեր ունեն միմյանց հետ պայմանավորվելու: Իսկ նրանց «հետևող» ոստիկանը հավելյալ հնարավորություն է ստանում հանցագործին ուղղակի վաճառելու իր գաղտնալսած տեղեկությունը:

Հեռախոսային խոսակցությունը մարդկանց անձնական կյանքի ոլորտ է: Սրան կարող է հաջորդել մյուսը՝ բոլոր տների, բնակարանների ներսում տեսագրող սարքերի տեղադրումը: Հանկարծ ու մարդու մտքով անցնում է մերկ շրջել սեփական տանը, կնոջը կամ ամուսնուն դավաճանել, գիշերը ուշ քնել և ռեժիմին վատ ծառայել,
«կուսակցությունը» տեղյակ չլինի՞, թե ով ում խանդեց, ով տանը չգիշերեց, ով ինչքան հացի փող պարտք արեց և ումից պարտք արեց, անձի գիշերամիզությունից, չորացող մաշկի դեմ օգտագործվող կրեմի բաղադրությունից, մազաթափությունից, խմած կարվալոլի կաթիլների քանակից, տանը կազմակերպվող խնջույքների հաճախականությունից և ծավալներից, առավոտյան իրենց օրը սուրճով սկսող գիտնականների արատավոր սովորությունից, այցելուներից, և վերջապես որտեղ են հանդիպելու «մի խումբ մարդիկ»՝ «ինքնաբուխ ցույցի» նպատակով, և ովքեր են այդ մարդիկ:

Այո՛, ես վատ քաղաքացի եմ, չեմ ուզում և թույլ չեմ տա, որ ոստիկանությունը իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսի և իմ անձնական արատավոր կյանքի մանրամասները պարզի: Իմ արատավոր մասնավոր կյանքը ի՛մ անձնական կյանքն է:

Եթե ոստիկանության կողմից հեռախոսային գաղտնասումների մասին օրինագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ կողմից, այն էլ՝ կուսակցական փաթեթային 82 կողմ ձայներով, ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարելուց:

Կից նյութն այստեղ՝ Ոստիկանությունը կկարողանա գաղտնալսել. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց