Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է դեկտեմբերի 10-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Տիգրան Վարդանյանի կողմից վարած Lexus մակնիշի 50 ՏՏ 055 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարզվել է՝ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Ռիմա Գրիգորյանն էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս իր հոր հետ Հրազդան գնալիս են եղել, երբ հայրն ավտոմեքենան կայանել է, ու աղջիկը ճանապարհն անցնելիս է եղել, որպեսզի հանդիպակաց գոտիով անցնի ու գնումներ կատարի ,Անտառային ձայներ» ընկերությունից ու մինչ աղջիկը կանցներ ճանապարհը, Lexus-ը, ըստ նախնական տեղեկությունների, մեծ արագությամբ վրաերթի է նեթարկում նրան։ Այդ ամենին ականատես է լինում մահացածի հայրը։

Քննիչի որոշմամբ Տ. Վարդանյանը որպես կասկածյալ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, դեկտեմբերի 10-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Lexus LX570 մակնիշի 50 ՏՏ 055 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ «Բալի» հյուրանոցառեստորանային համալիրի դիմաց, վրաերթի էր ենթարկել 20-22 տարեկան կին հետիոտնի: Վրաերթի ենթարկվածը, ով մոտ 10 մետր շպրտվել էր, տեղում մահացել էր: