Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել:

«Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երեխան երկու օր բուժում է ստացել իրենց մոտ, ապա վիճակի բարդացմամբ պայմանավորված տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը հաստատեց, որ երեխայի մոտ «խոզի գրիպ» է հայտնաբերվել, սակայն նշեց, որ չեն կարող պնդել, որ դրա հետևանքով է մահը վրա հասել․  «Ծնողները գրեթե մեկ ամիս չեն դիմել բժշկական օգնության, երեխայի վիճակը կտրուկ վատացել է տնային պայմաններում իրականացված միջոցառումներից։ Երեխայի մոտ արձանագրվել է բարդ ֆեբրիլ ցնցումներ, նեյրոինֆեկցիա, գլխուղեղի խնդիր է ունեցել։ Տեղափոխվել է «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն շատ վատ վիճակում, այնտեղ կոմայի մեջ է ընկել, որից հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծայրահեղ ծանր վիճակում, էնցեֆալիտի պատկեր է մոտը եղել, բարձր ջերմություն, գիտակցության կորուստ, ֆեբրիլ ցնցումներ և հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակից ելնելով միացվել է արհեստական շնչառության սարքին, իրականացվել են մի շարք հետազոտություններ, կատարվել է գլխուղեղի ԿՏ հետազոտություն, ախտորոշվել է սուր էնցեֆալիտ, պոլիսինուստիտ, նաև H1N1 գրիպի հետազոտություն է անցկացվել, հաստատվել է գրիպի A տեսակը՝ H1N1-ը։ Սակայն չնայած երեխայի մոտ հայտնաբերվել է այս ենթատեսակը, քանի որ երեխան հոսպիտալացվել է սուր էնցեֆալիտի երևույթներով, հետևաբար միայն ախտաբանանատոմիական հետազոտություններից հետո պարզ կլինի՝ արդյոք երեխայի մահը վրա է հասել H1N1-ի, թե սուր էնցեֆալիտի հետևանքով»։