Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը գտնում է, որ գործող իշխանությունները պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անեն եւ այդպիսով իրենց կադրային խնդիրները լուծեն։ Այս մասին նա նշել է A1plus.am-ին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով՝ խորհրդարանի կազմը եւ իշխանության մեջ գտնվող այլ պաշտոնյաներ փորձառու չեն։ «Ամոթ է, մեր երկիրը չպետք է այսպիսի Ազգային ժողով ունենա։ Լավ կլիներ, այսօր գոնե Շմայսը այնտեղ լիներ, խորհրդարան կդառնար»,- ասում է նա։

Անդրադառնալով իրենց իշխանության տարիներին պաշտոնյաների կոռումպացված լինելու թեմային՝ ասում է, թե «մեր կուսակցությունից ով փող էր սիրում, հիմա Նիկոլ Փաշինյանին է ծառայում»։ Իսկ արդյոք նախկին նախագահ  Սերժ Սարգսյանը կգնա՞ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, եթե անհրաժեշտության դեպքում նրան հրավիրեն։ «Եթե պետական օղակ է կանչելու, Սերժ Սարգսյանը գնալու է»,- պատասխանեց ՀՀԿ փոխնախագահը։

Գ․Սահակյանը նաեւ գտնում է, որ ԼՂՀ հակամարտության դեպքում իշխանությունները լավ չեն բանակցում։ «Ղարաբաղը ձեռքից ձեռք է գնացել, ղարաբաղյան պայմանավորվածություններն էլ չկան»,- ասում է նա։