Արագածոտնի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12:20-ի սահմաններում Բերքառատ գյուղի բնակիչ, 48-ամյա Էմիլ Ադամյանը իր վարած Land Rover մակնիշի 36 PO 878 համարանիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Սադունց գյուղի վարչական տարածքում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը, ում մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա, տեղում մահացել է:

Դեպքի վայր է ժամանել նաեւ Բերքառատ գյուղի գյուղապետ Մերուժան Մինասյանը, ով հայտնել է, որ մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա, որոնցից մեկը անչափահաս տղա է, ավտոմեքենան էլ նա 1 ամիս առաջ էր գնել: