Վերջին օրերին Ռուսաստանի դեմ արևմտյան լայնածավալ պատժամիջոցների լույսի ներքո առավել քան երբևէ իրական է դարձել «Ռուսաստանը SWIFT համակարգից անջատելու» հնարավորությունը։ Քանի որ նման բովանդակությամբ լուրերը մոտակա օրերին ավելի շատ են հայտնվելու լրահոսում, հակիրճ ու մատչելի ներկայացնում ենք, թե ինչ է SWIFT-ը և ինչ է լինում «SWIFT-ից անջատելու» դեպքում։

Նախ նշենք, որ SWIFT-ից անջատում են ոչ թե երկիրը, այլ բանկերը։ Այդ սանկցիան կարող է կիրառվել ինչպես առանձին բանկի, այնպես էլ բանկերի խմբի (օրինակ պետական բանկեր) կամ տվյալ երկրի ամբողջ բանկային համակարգի նկատմամբ։ Հետևաբար՝ ի՞նչ կլինի հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է իմանալ, թե պատժամիջոցը որ բանկին կամ բանկերին կառնչվի։

SWIFT-ը անգլերեն հապավում է, հայերեն՝ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն։ Այն բելգիական կազմակերպություն է, հիմնադրվել է 1973 թվականին։ Կազմակերպության անդամ են աշխարհի 200 երկրների ավելի քան 11000 ֆինանսական հաստատություններ։ Ռուսաստանն ԱՄՆ-ից հետո երկրորդն է SWIFT-ից օգտվող բանկերի թվով։ SWIFT-ի միջնորդությամբ բանկերը փոխանակվում են գործարքների մասին տեղեկատվությամբ։ Դրա շնորհիվ գործարքների իրականացման ժամկետները և ծախսերը զգալի նվազում են։ Պատկերավոր ասած՝ SWIFT-ը բանկերի հաղորդակցության՝ բոլորին հասկանալի լեզուն է։

 

Պատկերացրեք՝ Հայաստանից որևէ այլ երկիր գումար եք փոխանցում կամ ստանում։ Հայկական բանկը ձեր գործարքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցում է ձեր գործընկերոջ բանկին SWIFT-ի միջոցով և վերջինիս շնորհիվ (քանի որ բոլորը վստահում են նրան) գործարքը տեղի է ունենում ավելի արագ և ցածր միջնորդավճարով, քան եթե այդ կապն իրականացվեր այլ միջոցներով, օրինակ՝ ձեր բանկը գրագրություն բացեր ձեր գործընկերոջը սպասարկող բանկի հետ։

Ռուսական բանկերը SWIFT-ից անջատելու դեպքում ռուսական ֆինանսական համակարգը կհայտնվի մեկուսացման մեջ, զգալիորեն կբարդանան ու կթանկանան ռուսաստանյան և այլ երկրների ընկերությունների գործարքները, լուրջ հարված կլինի ռուսական տնտեսությանը և բարդություններ կառաջանցի նաև նրա առանցքային գործընկեր երկրների համար։ 2014 թվականին ռուսական մի շարք բանկեր անջատվել են SWIFT-ից Ղրիմում աշխատելու համար։ Այդ պատճառով անգամ ռուսական պետական բանկերը Ղրիմում չեն աշխատում (Լուկաշենկոն խոստացել է Ղրիմը ռուսական ճանաչել, երբ ռուսական պետական ընկերություններն սկսեն աշխատել Ղրիմում)։

Ըստ ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ, ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի՝ այս պատժամիջոցի պատճառով, ռուսական տնտեսությունը կարող է 5%-ով կրճատվել։ Որոշ ժամանակ անհրաժեշտ կլինի արտասահմանյան գործընկեր բանկերի հետ կապի միջոցներ հաստատելու համար։ Այդ բանկերը կամ պետք է ուղիղ պայմանավորվեն գործընկեր բանկերի հետ գործարքների մասին կամ էլ գործարքներն իրականացնեն այլ երկրների բանկերի միջոցով, որոնք SWIFT անդամ են։

2014 թվականից Ռուսաստանն սկսել է զարգացնել բանկային տեղեկությունների փոխանակման իր համակարգը, որը կոչվում է Ֆինանսական հաղորդագրությունների փոխանակման համակարգ։ Դրա անդամ են ինչպես ռուսական, այնպես էլ ԱՊՀ երկրների մի շարք բանկեր։ Հայկական բանկերից այդ համակարգի մեջ են Յունիբանկը և Արդշինբանկը (տե՛ս ցանկը