Ռուսաստանը դադարեցնում է շարժիչների մատակարարումները ԱՄՆ՝ ի պատասխան պատժամիջոցների: Այս մասին մարտի 3-ին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։

«Որոշում է կայացվել դադարեցնել «Էներգոմաշ»-ի կողմից արտադրվող հրթիռային շարժիչների մատակարարումներն ԱՄՆ։ Հիշեցնեմ, որ 1990-ականների կեսերից նման մատակարարումները բավականին ակտիվ են եղել»,- ասել է նա։

«Թող թռչեն ուրիշ բանի վրա՝ իրենց ցախավելների վրա։ Մենք սառեցնում ենք այդ մատակարարումները»,- ամփոփել է Ռոգոզինը։

Բացի այդ, «Ռոսկոսմոսը» դադարեցնում է համագործակցությունը Գերմանիայի հետ միջազգային տիեզերակայանի ռուսական հատվածում փորձարկումների ոլորտում, գրում է fontanka.ru-ն։

Նշենք, որ սա արվել է ի պատասխան Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված խիստ պատժամիջոցների:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։