Մենք անհանգստացած ենք տարածաշրջանի եւ հայ-ադրբեջանական սահմանի առանձին տեղամասերի իրավիճակով։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մարտի սկզբից նկատում ենք հրադադարի ռեժիմի մշտական խախտումներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմն իր պատասխանատվության գոտում համապատասխան միջոցներ է ձեռնարկում կայունության ապահովման, իրադրության վերահսկման համար, եւ այդ ջանքերի շնորհիվ մարտի 13-ից զինված միջադեպեր չեն գրանցվում։ Ինչ վերաբերում է նշված սահմանին, ապա մենք կողմ ենք, որպեսզի սահմանագծման գործընթացը շտապ մեկնարկի՝ համապատասխան երկկողմ հանձնաժողովի ստեղծմամբ։ Մենք գիտենք ծանր հումանիտար վիճակի մասին՝ կապված գազամուղի վթարի հետ, շփման մեջ ենք երկու կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ խնդրի լուծման նպատակով։ Պետք է բացառել այն քայլերը, որոնք կստեղծեին խնդիրներ բնակիչների եւ քաղաքացիական անձանց համար եւ կխորացնեին առանց այդ էլ բարդ հումանիտար վիճակը։

Նշենք, որ ադրբեջանական ԶՈւ-ն վերջին մի քանի օրերին պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմն Արցախում՝ կիրառելով ոչ միայն հրազեն, այլեւ ականանետեր Մարտակերտի եւ Ասկերանի շրջանների Խնուշինակ եւ Խրամորթ գյուղերի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ մարտի 8-ից Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում գտնվող եւ Ղարաբաղը սնուցող գազամուղը վնասվել է։ Այդ ժամանակվանից ադրբեջանցիների հետ բանակցություններ են վարվում, բայց նրանք խանգարում են նորոգման աշխատանքներին։ Չնայած խնդրի անհապաղ լուծման բազմաթիվ կոչերին եւ Արցախի իշխանությունների հավաստիացումներին, թե հարցը լուծվում է ռուս խաղաղապահների հետ համատեղ, Արցախի բնակիչներն արդեն յոթերորդ օրն է՝ զրկված են գազից։