Պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ առավոտյան 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի (ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:

168.amի տեղեկություններով՝ Էդուարդ Ռուստամյանը Արարատի մարզի Նոր Կյանք համայնքից էր։

«Ընդամենը 4 օր առաջ՝ մարտի 13-ին, ծնունդն էր, 19 տարեկան էր դարձել։ Մի տարվա ծառայող էլ չկար՝ 10 ամիս։ Շատ լավ ընտանիք են, ինքը մեր գյուղի հրաշալի երեխեքից մեկն էր։ Երևանի պետական համալսարանում էր սովորում։

Շատ տարիներ առաջ այս ընտանիքի ավագ որդին Զոդի գյոլ կոչվող վայրում խեղդվել է, այդ դեպքից հետո ծնվեց Էդուարդը ու մի աղջիկ, մի քույր էլ ունեն, բայց նա մեծ է՝ ամուսնացած։ Էդուարդին մահացած եղբոր անունով էին անվանակոչել»,- 168.am-ին պատմեց Նոր Կյանքի բնակիչը։