Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Մասիսում սպանության դեպք էր գրանցվել, սպանվել էր 17-ամյա երիտասարդ:

Tert.am-ի տեղեկություններով՝ երիտասարդների միջև վեճ է տեղի ունեցել, ինչին հաջորդել է սպանությունը: Նախ, սպանության մեջ կասկածվողը՝ Սարգիս Գ.-ն, վերցրել է ընկերոջ ոսկե շղթան: Ընկերը պարբերաբար զանգել և պահանջել է իր վզնոցի գումարը, ինչը, սակայն, Սարգիս Գ-ն չի վերադարձրել: Այնուհետև երիտասարդները պայմանավորվել են հանդիպել չգործող շինության ներսում, որտեղ վիճաբանել են, ինչից հետո, ըստ նախնական տվյալների, Սարգիս Գ.-ն դանակահարել է ընկերոջն ու հեռացել դեպքի վայրից, իսկ դանակը նետել է շինության հարակից աղբարկղը: Դանակահարության ընթացքում թեթև մարմնական վնասվածք է ստացել նաև Սարգիս Գ.-ն:

Tert.am-ի տեղեկություններով՝ նրա հեռանալուց հետո վնասվածքներ ստացած 17-ամյա երիտասարդը զանգահարել է մորը և ասել, որ Սարգիսը դանակահարել է իրեն: Մայրը հարևանի հետ ժամանել է դեպքի վայր, սակայն, երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել:

Թե ինչ են պարզել իրավապահները, Tert.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ սպանության մեջ կասկածյալ կա, որը ձերբակալվել է. «Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կա ձերբակալված անձ, վերջինս տվել է խոստովանական ցուցմունք: Նշանակված են փորձաքննություններ՝ գենետիկական, հետքաբանական և կենսաբանական, և դիակի դատաբժշկական փորձաքննություն»:

Խաչատրյանը հավելեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: