Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձով դիմել է ռուսաստանցիներին և ասել, որ Ուկրաինայում ավելի քան 14 հազար ռուս զինվոր է զոհվել: Նա նշել է, որ  Ռուսաստանի Դաշնությունը չի վերցնում զոհվածների մարմինները։

 

«Հատկապես կատաղի մարտերի վայրերում մեր պաշտպանության առաջին գիծը պարզապես լցված է ռուս զինվորների դիակներով: Եվ ոչ ոք չի վերցնում այդ դիերը: Հարձակման ժամանակ նրանց վրայով նոր ստորաբաժանումներ են քշվում»,- ասել է Զելենսկին։

 

Վերջինս հավելել է.  «Մենք լավ գիտենք, որ Ռուսաստանում կա մարդկային ռեսուրս և շատ տեխնիկա, հրթիռներ, ավիառումբեր, բայց ես ուզում եմ հարցնել Ռուսաստանի քաղաքացիներին. ի՞նչ են արել ձեզ հետ այս տարիներին, որ դուք դադարել եք նկատել ձեր կորուստները։ Ավելի քան 14 հազար ձեր զինվորներն արդեն սպանվել են․ 14 հազար մայր, 14 հազար հայր, կանայք, երեխաներ, հարազատներ, ընկերներ։ Դուք դա չե՞ք նկատում, բայց դեռ ավելի շատ զոհեր կլինեն, քանի դեռ շարունակվում է այս պատերազմը, սա ձեր պատերազմն է մեր դեմ՝ Ռուսաստանը ընդդեմ Ուկրաինայի մեր հողի վրա»,- ասել է Զելենսկին