Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարը հստակ տեղեկություն չունի, թե ինչի շուրջ է եղել ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանի եւ Լորուտ համայնքի 17–ամյա բնակչի միջեւ ծագած վիճաբանությունը, որը ողբերգական ավարտ է ունեցել։

24–ամյա Էդգար Մելիքսեթյանը ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ էր։ Ոստիկանության հաղորդմամբ, մարտի 20-ին Լորուտ գյուղի տներից մեկում վիճաբանություն է եղել 24-ամյա Էդգար Մելիքսեթյանի եւ 17–ամյա տղայի միջեւ, ինչի մասին վերջինը հայտնել է հորը, նա էլ վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում մահացու հրազենային վիրավորում է  հասցրել Էդգար Մելիքսեթյանին

«Բոլորիս համար էլ շոկային էր տեղի ունեցածը, որովհետեւ նրանց մեջ քինախնդրություն չի եղել, որքանով տեղյակ եմ նույնիսկ բարեկամական կապ ունեին։ Կրակողը մահացած Էդգար Մելիքսեթյանի հորեղբոր սանիկն է։  Չենք էլ պատկերացնում, թե ինչը կարող էր նման ողբերգության պատճառ դառնալ։  Խոսակցություններ կան, բայց ես զերծ կմնամ որեւէ բան ասել։ Համենայնդեպս, կարող եմ ասել, որ քաղաքական պատճառ չէր կարող լինել, էստեղի ժողովուրդն ապաքաղաքական մարդիկ են»,–NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թումանյանի համայնքապետ Սուրեն Թումանյանը։

Դեպքի վայրում վկաներ լինելու վերաբերյալ Թումանյան համայնքի ղեկավարը տեղեկություն չուներ։

Սուրեն Թումանյանի խոսքով՝ Նաիրի Մաթեւոսյանը սովորում էր ավարտական դասարանում։ Էդգար Մելիքսեթյանն ու Նաիրի Մաթեւոսյանը, ըստ Թումանյանի՝ զուսպ ու հարգված ընտանիքներից են։

 

«Երկուսն էլ լավ, համեստ ընտանիքից են։ Կոնֆլիկտային մարդիկ չեն եղել, ինչ լսել եմ՝ լավն եմ լսել նրանց ու նրանց ընտանիքների մասին»,– ասաց Թումանյան համայնքի ղեկավարը։

 

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում առերեւույթ հանցագործություն կատարած 42-ամյա տղամարդը հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքով, եւ հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Լուսանկարում մահացած Էդգար Մելիքսեթյանն է