Այսօր՝ մարտի 23-ին, ժամը 03։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ռոսիա մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի հարևանությամբ կառուցվող շենքի տարածքում տեղադրված վերամբարձ կռունկի վրա մի աղջիկ է բարձրացել և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները սահմանազատում են տարածքը և փորձում են աղջկան համոզել, որ նա իջնի։ Սակայն նա չի պատասխանում պարեկների հարցերին։ Դեպքի վայր են ժամանում ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Ժամանում  են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Պարեկները, բարձրանալով վերամբարձ կռունկին, մեծ դժվարությամբ կարողանում են կռունկի վրայից այդ աղջկան իջեցնել և մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։

Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերում, ապա նրան տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: