ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հիմա էս հրամանատարը ո՞ր քուչի ենթամշակույթից է

Արցախի Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարը զորամասի պատուհանից դուրս է նետել զինվորների ծնողների ուղարկած ամանորյա ծանրոցները: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է 24 օր առաջ զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին ու երբ Արթուրի պապը ասել է, որ ցույց ենք անում, որ նման դեպքերը չկրկնվեն, վարչապետը պատասխանել է` «Որ ասում եք չկրկնվի, որովհետև մեր երեխեքը շարունակում են քուչեքում գողական արժեքներով ապրել»:

Էս հարցում համաձայն եմ Փաշինյանի հետ, որովհետև երբ տեսնում ես, թե բանակում ի՞նչ թեմաներն են հանգեցնում սպանության կամ ինքնասպանության, ակնհայտ է, որ մենք էդ «պանյատկեքի» ենթամշակույթը փոխելու խնդիր ունենք:

Հիմա N զորամասի հրամանատարը, որ զինվորի ծնողի ուղարկած ամանորյա ծանրոցը ցխել է գետնին, զինվորի, որ անհամբեր սպասում էր մոր ձեռքով պատրաստած, չգիտեմ, գաթային, հիմա էդ հրամանատարը ո՞ր քուչի մշակույթի կրող է:

Ինչ որ մեկը պատկերացնո՞ւմ է զինվորի հոգեվիճակը, երբ տեսնում է, թե ինչպես է իր հրամանատարը պատուհանից դուրս նետում իր մոր ուղարկած ծանրոցը: Ինչ որ մեկը հասկանո՞ւմ է, թե ինչ դառնություն է կուտակվելու զինվորի ու նրա ծնողի հոգում:
Միշտ էլ ծնողները ծանրոցներ ուղարկել են, հրամանատարները ալկոհոլը հանել են, մնացածը հանձնել են զինվորին:

Ու մինչև նման «բեսպրեդել» հրամանատարները չհասկանան, որ զորամասը իրենց անձնական ֆազենդան չի, զինվորն էլ իր ստրուկը չի, մենք, ցավոք, անընդհատ բախվելու ենք «քուչի» ենթամշակույթին ու դրա ողբերգական հետևանքներին»: