SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 23-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետխուզության հետաքննության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ, տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Մասիսի բաժին բերման են ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 42-ամյա Տիգրան Հովհաննիսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչը հայտնել է, որ նույն օրը, յութուբյան էջում նկատել է «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի պաշտոնական անվանումով բացված էջում «Հանրային ձայն» «Հրատապ առևանգում Վահե Ղազարյան, Պռոշյանցի Մուլտո» վերտառությամբ տեսանյութը, որտեղ Վ. Ղուկասյանը հայտնում է, որ Պռոշյանցի Մուլտո մականվամբ ինչ-որ մեկն՝ իր թայֆայով, առևանգել է մի քաղաքացու, ում նկատմամբ բռնություն են գործադրել, մասնավորապես՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, տվել հայհոյանքներ և այդ ամենը տեսանկարահանել ու հրապարակել է Tik-Tok սոցիալական կայքում:

Պարզվել է, որ այդ ամենը Վ. Ղուկասյանը տեղադրել է նաև իր Տելեգրամյան ալիքում:

Տեսագրությունից երևում է, որ Տ. Հովհաննիսյանն իր տանը ծեծի է ենթարկում մի երիտասարդ տղայի, որն էլ ինչ-որ մեկ այլ անձի կողմից նկարահանվել է:

Արարատի մարզի ոստիկանները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ծեծի ենթարկված քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա տղա է: Նախաքննության շահերից ելնելով, ծեծվածի ինքնությունը չենք հրապարակում:

Արարատի մարզի ոստիկաններն այնուհետև օպերատիվ տվյալներով պարզում են, թե որտեղ է գտնվում Պռոշյանցի Մուլտոն և նրան տաք հետքերով հայտնաբերում և բերման են ենթարկում ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ էլ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 119 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժին:

Փաստի առթիվ նախաքննությունը քննչական բաժնում շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: