Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվել է Իլլարիոն Նունուշյանի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Նունուշյանը 30 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի  14-րդ կետով՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելը, ինչի արդյունքում տուժողը մահացել է:

Տուժողը Իլլարիոն Նունուշյանի հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կինն էր…

Նախկինում դատապարտված և պատժի կրումից 2017 թվականի հունիսի 9-ին ազատված Իլլարիոն Նունուշյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 11-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի  1-ին կետով, և դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման:

Վերոհիշյալ դատավճռի հրապարակումից ուղիղ մեկ ամիս առաջ, երբ Նունուշյանը գողության գործով ազատության մեջ գտնվող ամբաստանյալ էր դեռ, երբ գործը դեռևս  քննվում էր ընդհանուր իրավասության դատարանում, նա կատարել է ավելի ծանր հանցավոր արարք՝ դաժան բռնություն գործադրելով՝ ոտնձգել է իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ կյանքի ու առողջության նկատմամբ:

Ըստ մեղադրանքի՝ 2018  թվականի նոյեմբերի 11-ի վաղ առավոտյան՝ ժամը 6-ն անց 30-ի սահմաններում, Իլլարիոն  Նունուշյանը, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, Երևանի Արին Բերդի փողոցի տներից մեկում վիճաբանել է իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Քրիստինե Ի.-ի հետ:

Իլլարիոնը, ըստ մեղադրանքի, շուրջ 10 րոպե ձեռքերով, ոտքերով, մետաղե ամրանով ու մետաղե թեյնիկով բազմաթիվ հարվածներ է հասցրել Քրիստինեի գլխին, դեմքի, որովայնի, մեջքի շրջաններին, կնոջ առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ սալջարդ վերքերի, արյունազեղումների, քթոսկրերի կոտրվածքների, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդի, ձախ կիսագնդի սուբդուրալ արյունահավաքի, զույգ կիսագնդերի քունքագագաթային և ուղեղիկի շրջանների սուբարախնոիդալ արյունազեղումների, որովայնամզի արյունազեղումների, փայծաղի, լյարդի պատռվածքների ձևով, որոնք ուղեկցվել են ներքին արյունահոսությամբ, գլխուղեղի այտուցով, ներքին օրգանների դիստրոֆիկ-նևրոտիկ փոփոխություններով…

Ստացած վնասվածքներից Քրիստինե Ի.-ն հաջորդ օրը՝ 2018 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը  22-ին հիվանդանոցում մահացել է:

Առաջադրված մեղադրանքում Իլլարիոն Նունուշյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Տուժողի իրավահաջորդ Վ. Ի.-ն դատարանին հասցեագրված դիմումում նշել էր, թե 82 տարեկան է, վատառողջ, չի կարող ներկայանալ դատարան, խնդրում է հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները, քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացնում, պատժի նշանակման հարցն էլ թողնում է դատարանի հայեցողությանը:

Մեղադրող դատախազ Գ. Աղասյանն առարկել է գործի քննության արագացված կարգի կիրառման դեմ, բայց դատարանն արձանագրել է, որ առարկությունը փաստարկված չէ:

շարունակությունը աստեղ