Որեւէ կորուստ չպետք է մեզ հետ պագհի մեր ազգային նպատակներից, ավելի ուժեղ պետություն կառուցելուց: Այս մասին «Եռաբլուրու» լրագրողների հետ զրույցում նշեց Հատուկ հանձնարարությունների դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

 

«Մենք  թույլ ենք տվել բազմաթիվ սխալներ եւ դա է պատճառը, որ այսօր գտնվում ենք այս վիճակում: Սա մեծ դաս է բոլորիս համար, որ կորցրածը վերականգնենք: Ուժեղ պետություն կառուցելուն այլընտրանք չկա, եթե դու ուժեղ պետություն չես կառուցում, դու ապագա պատերազմներում ես պարտվելու, քո ազգը ցեղասպանության զոհ կարող է դառնալ»,-ասաց նա:

 

Հարցին, թե այս  իշխանությունների օրոք հնարավոր համարո՞ւմ է, որ Շուշին կարող ենք հետ բերել, Մարուքյանը պատասխանեց. «Ոչ մի բան պետք չի ասել, այլ պետք է գործել: Երբ ես ասում եմ՝ ուժեղ պետություն պետք է կառուցել, դրա մեջ յուրաքանչյուրդ կարող է իր երազանքը տեսնել: Հիմա ուղղակի այն ժամանակը չէ, որ ՀՀ որեւէ իշխանություն, լինի ներկա, նախկին, թե եկող, ամբիցիաներ դրսեւորի, հոխորտա ընդդեմ մեր թշնամիների: Հիմա դրա ժամանակը չի, հիմա ուժեղ պետություն կառուցելու ժամանակ է: Եթե մենք նախորդ հաղթանակներից հետո այդ ուժեղ պետությունը կառուցած լինեին, այսօրվան հասած չէինք լինի: Պետք է ոչ թե ասել ինչ-որ բաներ, այլ անել ինչ-որ բաներ: Հիմա շատ են ասում՝ ինչո՞ւ չեք ինչ-որ բաներ ասում, հայտարարեք, որ հեսա Մասիսը հետ ենք բերում… Ժողովուրդ, եկեք նախ էս մեր պետությունը կառուցենք, ուժեղ արդյունավետ պետություն ունենանք»:

Անդրադառնալով ընդդիմության ակցիաներին, Մարուքյանը նշեց, որ դա իրենց իրավունքն է՝ անել ակցիաներ. «Մենք 5 տարով մանդատ էինք ստացել, մենք մեր մանդատները դրեցինք, գնացինք արտահերթ ընտրությունների, որ ճգնաժամը հաղթահարվի: Իրենք ինչ հիմա ասում են, ասել են ամբողջ ուժով: Հայաստանի լրատվամիջոցների քանի տոկոսն է իրենց պատկանում, ինչ ուժ ունեն ասել են ու արել են: Ընտրությունների արդյունքներով ԱԺ-ում ձեւավորվել է իշխանություն եւ ընդդիմություն: Մենք դուրս ենք մնացել, իրենք անցել են: Ժողովուրդն իրենց ընդդիմության մանդատ է տվել, որ գործ անեն: Պարզ է, որ իրենցից շատերը մասնակցել են, որ իշխանության գան, ոչ թե ընդդիմություն աշխատեն, բայց այդպես է ստացվել,  դա է ժողովրդի որոշումը, սա է արդյունքը: Բայց ցանկացած քաղաքական միավորի իրավունքն է՝ անել երթեր, ցույցեր, բայց քաղաքական իմաստով ես անգամ ձեւակերպված խնդիրը անգամ չեմ տեսնում»,-ասաց նա:

Մարուքյանի խոսքով ընդդիմության կողմից առաջ քաշված իշխանափոխության օրակարգը բովանդակություն չունի. «Պետք է բովանդակություն դնես դրա հետ: Դեռ մեկ տարին չի լրացել, որ մենք գնացել ենք իշխանափոխության: ԱԺ-ն ցրեցինք, գնացինք ընտրության, դե թող իրենք գային իշխանության: Ժողովուրդն իրենց չի բերել իշխանության, չի ընտրել, ի՞նչ անենք: Մեզ էլ չեն ընտրել, ի՞նչ անենք, ամբողջ օրը ցույց անեն, ինչ է թե չենք անցե՞լ:

Եթե իսկապես գործող իշխանության քայլերը մտահոգություններ են առաջացրել հանրության շրջանում, հիմա պետք է փողոցներում կես միլիոն մարդ լիներ: Եթե դա տեղի չի ունենում, ուրեմն իրավիճակի սխալ գնահատական կա: Եթե ժողովուրդն ուզենա իշխանափոխություն, դուրս կգա փողոց ու կփոխի իշխանությանը, բայց չի լինում, որովհետեւ նոր է եղել ընտրություն եւ մարդիկ ուզում են հանգիստ ապրել»: